Հունիսի 29-ին “Գոլդեն Թուլիփ Երևան” հյուրանոցում տեղի ունեցավ Կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագրի հերթական միջոցառումը` <<Բարեփոխում և գիտելիք>> նախաձեռնության մեկնարկի և ուսանողական ռեֆերատների մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը, որը կազմակերպել էր Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը:

Արարողությանը մասնակցում էին պետական և հասարակական կառույցների ղեկավարներ, գործընկերներ, ուսանողներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

“Կարևորում եմ այս միջոցառումը, քանի որ մեր երկրում իրականացվում են կենսաթոշակային բարեփոխումներ. 2014թ. հունվարի 1-ից գործելու է սկզբունքորեն նոր կենսաթոշակային համակարգ: Այս փուլում կարևորագույն խնդիրը մեր քաղաքացիների իրազեկվածությունն է, ընկալումը և գիտելիքները, քանի որ նոր համակարգն առաջին հերթին մտածողության փոփոխություն է: Կենսաթոշակային բարեփոխումները ամենաբարդն են ցանկացած երկրում և դրանք արդյունավետ կյանքի կոչելու համար գիտելիքն առաջնային է: Հասարակության շարժիչ ուժը երիտասարդներն են, ուստի մենք պետք է կարողանանք նրանց մոտ ձևավորել այն ընկալումը, որ կենսաթոշակը ոչ միայն պետության կողմից վճարվող գումարն է, այլև քաղաքացու պարտականությունը` մտածել իր ապագայի մասին: Գիտելիքը պետք է սկսվի դպրոցական տարիքից, պիտի տրվեն անհրաժեշտ նվազագույն ֆինանսական գիտելիքներ, քանի որ 21-րդ դարում առանց դրանց անհնար է դիմակայել գոյություն ունեցող մարտահրավերներին: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և բարի երթ ցանկանում մեր բարեփոխումներին”,- ողջունելով միջոցառման մասնակիցներին և պարգևատրվող ուսանողներին` նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:

Պարոն Ասատրյանը դիպլոմներ և հուշանվերներ հանձնեց առաջին երեք տեղը գրաված ուսանողներին:

ԿԻՍՎԵԼ