Նորվեգացի մասնագետները սոցիալական թերապիայի իրենց փորձը փոխանցում են հայ մասնագետներին

Նորվեգացի մասնագետները սոցիալական թերապիայի ոլորտում ունեցած իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում են հայ գործընկերներին: Երեկ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն ընդունել է «Կառուցելով կամուրջներ» («Building bridges») ծրագրի համակարգող թիմին։ Եռամյա ծրագիրը ֆինանսավորում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը: Որպես Մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիայի տարածաշրջանային պատասխանատու՝ Նորվեգիայի նպատակն է սոցիալական թերապիայի զարգացումը Հայաստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում և Վրաստանում։ Ծրագրի հիմնական թիրախը մտավոր առողջության խնդիրներ ունեցող, ընտանիքում կամ խնամքի հաստատությունում գտնվող չափահաս անձանց կյանքի կազմակերպման ձևերի և միջոցների ուսուցումն է։

2017թ. մեկնարկել է պիլոտային ծրագիրը: Դրա հաջողության արդյունքում 2018թ. սկսվեց բուն ծրագրի իրականացումը։ Խարբերդի մասնագիտացված մանկատունը և ԵՊՀ սոցիալական աշխատանքի բաժինն ընդգրկված են ծրագրում որպես գործընկերներ։ Ծրագրի կետերից են ուսանողների կրթությունն ու վերապատրաստումը, ոլորտային գրագետ մասնագետների պատրաստմանն օժանդակումը, ինչն իրականացնելու համար արդեն այս տարի ուսանողներ կմեկնեն Նորվեգիա՝ երեքշաբաթյա դասընթացների մասնակցելու։

Գեմաֆին Գասպարյանը շնորհակալություն է հայտնել խմբին՝ իրականացվող ծրագրի համար և հույս հայտնել, որ ծրագրի միջոցով հայաստանցի մասնագետները նոր գիտելիքներ ձեռք կբերեն.

«Նախարարությունը որդեգրել է ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն, որի արդյունավետ իրագործումն անհնարին է առանց կանխարգելման, իսկ դա հնարավոր է միայն հանրությանը կրթելու և համայնքային ծառայությունները զարգացնելու, սոցիալական աշխատողի ինստիտուտը կայացնելու միջոցով»,- ասել է փոխնախարարը։

ԿԻՍՎԵԼ