Բոլոր ծառայությունները` 1 հարկի տակ. Հրազդան քաղաքում բացվեց սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն

Տարածքային զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով և Սոցիալական ապահովության տարածքային բաժին. այսուհետև այս 4 ծառայությունները Հրազդան քաղաքում կգործեն 1 հարկի տակ:

Նախկինում բոլոր այս ծառայությունները քաղաքում տեղակայված էին տարբեր վայրերում` հիվանդանոց, մարզպետարանի շենք, այժմ կգործեն 1 պատուհանի սկզբունքով` քաղաքացին կենտրոնում կստանա իր բոլոր հարցերի պատասխանները:

Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ֆինանսավորմամբ այսօր Հրազդան քաղաքում բացվեց համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնը: Ծրագիրն ուղղված է համալիր և ինտեգրացված սոցիալական ծառայությունների ստեղծմանը: 1400մ քառ. ընդհանուր տարածքով շենքը հարմարեցված է քաղաքացիների սպասարկման համար, հաշվի են առնված նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մատչելի պայմանները:

«Սա ևս մեկ քայլ է քաղաքացիներին ավելի մոտ լինելու, նրանց խնդիրներին ավելի արագ և հեշտ լուծումներ տրամադրելու համար: Այսօր մենք խնդիր ունենք ծառայությունները քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնելու, այս առումով ակնկալում եմ աշխատակիցների ու պատասխանատուների աջակցությունը, ովքեր պետք է աշխատեն մարդկանց հետ, ովքեր պետք է աջակցեն կառավարությանը, համայնքին ոչ միայն թեթևացնել քաղաքացու հոգսը, այլև ապահովել զբաղվածության, սոցիալական և այլ ծրագրերից օգտվելու իրավունքները», – իր խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նաև ուրախությամբ նշեց, որ երբ աշխատակիցներն ավելի լավ պայմաններում են աշխատում, նշանակում է` իրենք ավելի լավ ծառայություններ կմատուցեն: «Մեր ջանքերն ու նպատակները նույնն են, մենք պատրաստակամ ենք աջակցել նախարարությանը մատուցելու ավելի բարձր որակի, հարմար և մատչելի սպասարկում», – նշեց Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում գործառնությունների գծով խորհրդատու Վահան Դանիելյանը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորեց աշխատակիցներին կենտրոնի բացման առիթով` ընդգծելով, որ սպասարկումը պետք է լինի քաղաքացիակենտրոն, և կենտրոնի յուրաքանչյուր աշխատակից պիտի գիտակցի, որ քաղաքացու հետ առնչվելիս ինքը մի ամբողջ պետություն է ներկայացնում:

Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող և ղեկավար Վահագն Գրիգորյանի խոսքով` սա նմանատիպ երկրորդ ծրագիրն է, առաջինի շրջանակներում արդեն իսկ բացվել է 19 կենտրոն, երկրորդ ծրագրով կառուցվել է 7-ը, մինչև 2020 թվականի ավարտը նախատեսվում է ունենալ 37 կենտրոն ՀՀ տարբեր մարզերում:

ԿԻՍՎԵԼ