Նախարարությունն արձագանքում է «Ձորակ» խնամքի կենտրոնի մասին հայտարարությանը

Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կարապետյանը համատեղ այցելել են «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին և աշխատակազմին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող հաստատություններ պարբերաբար այցելելու և մեզ առաջարկություններով աջակցելու համար: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության իրականացման ձևավորվող մշակույթն ամրապնդելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավատարիմ է լինելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած մեր պարտավորություններին։ Բոլոր չափահասների և երեխաների (ներառյալ հաստատություններում ապրող անձանց) ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը պետական կառավարման համակարգի մարմինների նպատակներից մեկն է:

Նախարարությունը որպես ուղենիշ է ընդունում կոնվենցիայի փորձագիտական մարմնի ընդհանուր մեկնաբանություն 5-ը (անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի մասին) և ընդհանուր մեկնաբանություն 6-ը (հավասարության և անխտրականության մասին):

Հարգելու համար կոնվենցիայի հոդված 19-ը՝ մենք պարտավոր ենք հաստատությունները բարեկարգելու փոխարեն (խոսքը խնամվող անձանց ֆիզիկական անվտանգության մասին չէ), համատեղ ջանքերն ուղղել ապաինստիտուցիոնալացման արդյունավետ քաղաքականության մշակմանը։ Մեր և ձեր պարտավորություններից է նաև հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների մասին՝ բացառելով նրանց հանդեպ խտրականությունը ու խարանն ամրապնդող գործելակերպը:

Միևնույն ժամանակ վստահաբար նշում եմ, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի ներառումը բխում է բոլորիս լավագույն շահից: Երեխաները բացառություն չեն: Մեր փորձն ապացուցում է, որ խնդիրները չեն լուծվում հասարակության անդամների միջև իրական կամ անիրական պատերի կառուցմամբ, այլ կրթությամբ, մարդկային բազմազանության և արժանապատվության նկատմամբ հարգանքով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի անունից հայտնում եմ մեր պատրաստակամությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ դիտարկումները քննարկելու և ողջամիտ լուծումներ գտնելու հարցում։

Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ԿԻՍՎԵԼ