Տեղի է ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի առաջին նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նախագահությամբ հունվարի 22-ին տեղի է ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ներառված էին ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման գործընթացներն ապահովող իրավական փաստաթղթերին վերաբերող հարցերը:

Նախարար Զարուհի Բաթոյանը նախքան նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը հույս է հայտնել, որ ստեղծված խորհորդն այն հարթակն է, որտեղ գրանցվելու են ոլորտի ամենալուրջ և հաստատուն հաջողությունները:

«Մեր երկրում իրականացված վերջին փոփոխությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք մերժել բռնությունը և դրանով հասնել հաջողությունների։ Մենք պետք է այս մոտեցումը մշակույթ դարձնենք թե՛ անձնական և ընտանեկան, թե քաղաքացի-պետություն հարաբերություններում։ Հույս ունեմ, որ խորհրդի անդամ փորձառու կազմակերպությունների միջոցով կապահովենք նաև այն անհատների կամ կազմակերպությունների մասնակցությունը, ովքեր խորհրդի կազմում չեն, սակայն իրենց փորձառությամբ ուզում են ներդրում ունենալ այս գործընթացում։ Մենք որդեգրել ենք բաց, թափանցիկ և մասնակցային աշխատանքի սկզբունքը»,- ընդգծել է տիկին Բաթոյանը:

Այնուհետև, նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանն ևս խոսել է խորհրդի առաքելության և նպատակի մասին և կարևորել յուրաքանչյուրի ներդրումը խորհրդի լիարժեք աշխատանքների իրականացման գործում: Միաժամանակ նշել է, որ պետք է ձգտել ունենալու այնպիսի հասարակություն, որտեղ բոլոր մակարդակներում մերժվում է բռնությունը:

«Ես լիահույս եմ, որ մենք կարողանալու ենք մեր իրական աշխատանքով խորհուրդը դարձնել այն օրինակելի հարթակը, որտեղ կքննարկվեն ընտանեկան բռնության քաղաքականության հարցերն ու դրանց ուղղված լուծումները»,- հավելել է պարոն Մանուկյանը:

Նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը խորհրդի անդամներին ներկայացրել է խորհրդի ստեղծման նպատակը, սկզբունքները և գործառույթները: Մասնավորապես, խոսել է ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպա­նության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների և հանրության իրազեկման միջոցառումների մասին:

Ներկայացված հարցերի շուրջ իրենց դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկություններն են ներկայացրել նաև խորհրդի անդամ հանդիսացող շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Արձանագրվել են պրակտիկ գործընթացից բխող խնդիրներն ու անելիքները:

Հանդիպման ավարտին որոշում է ընդունվել 10-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիրը և ոլորտը կարգավորող օրենքի այն դրույթները, որոնք ենթակա են փոփոխման:

ԿԻՍՎԵԼ