Քննարկվել են երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը հունվարի 10-ին աշխատանքային քննարկում է անցկացրել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որոնք երեխաների պաշտպանության ոլորտում իրականացնում են համապատասխան միջոցառումներ ու ծրագրեր:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-21թթ. ռազմավարական ծրագրի միջոցառումները, 2018թ. ընթացքում իրագործված ծրագրերն ու աշխատանքները, ինչպես նաև հետագա անելիքները:

Առողջապահության, մշակույթի, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարությունների և ոստիկանության համապատասխան մասնագետները մանրամասն ներկայացրել են Ռազմավարության շրջանակում իրենց գերատեսչության կողմից իրականացված միջոցառումները:

Նախարարի տեղակալի պաշտոնակատարը հանդիպման մասնակիցներին հորդորել է դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար իրականացվող ծրագրերն ու աշխատանքներն ևս մեկ անգամ վերանայել մեկ այլ տեսանկյունից և նոր մոտեցումներ առաջարկել, որոնք հնարավոր կլինեն իրապես իրականացնել:

Քննարկման ընթացքում մասնակիցները խոսել են ոչ միայն արված ծրագրերի մասին, այլև բարձրաձայնել են այն խնդիրներն ու հիմնահարցերը, որոնց լուծման ճանապարհն, անշուշտ, միջգերատեսչական սերտ համագործակցությունն է:

Միաժամանակ, արձանագրվել է այն ճանապարհային քարտեզը, իրական քայլերի հաջորդականությունը, ինչպես նաև խնամքի հաստատությունների անձնակազմի կարողությունների և հմտությունների զարգացման հեռանկարը, որը կապահովի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի կրթության, զբաղվածության, կյանքի որակի բարելավումը:

Հանդիպման ավարտին պարոն Մանուկյանը հույս է հայտնել, որ համատեղ ուժերի, ծրագրերի և իրագործվող միջոցառումների շնորհիվ կկարողանան երեխաների պաշտպանության ոլորտում իրականացնել առարկայական և իրական բարեփոխումներ:

ԿԻՍՎԵԼ