Օրենսդրական փոփոխությունից հետո 2019 թվականի հունվարի 1-ից կավելանան նաև աշխատանքային կենսաթոշակների չափերը

2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով:

Կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու նպատակով,  որպես աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլ, նախագծով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։

Այսինքն, օրենքով սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» հասկացությունը, որից ցածր աշխատանքային և զինվորական կենսաթոշակները լինել չեն կարող:

Օրենքն ընդունվելու դեպքում ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կավելացվեն 2019 թվականի հունվարի 1-ից:

Նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 25 500 դրամ:

Սա նշանակում է, որ անկախ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, 25 500 դրամից ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն (կավելացվեն) 2019 թվականի հունվարի 1-ից և պակաս վճարված կենսաթոշակի գումարները կվճարվեն միանվագ` նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի հետ միասին:

Օրինակ` եթե վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 18 000 դրամ և նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել 2019 թվականի մարտ ամսին, ապա ապրիլ ամսվա 25 500 դրամ կենսաթոշակի հետ կենսաթոշակառուին կվճարվի նաև հունվար-մարտ ամիսներին պակաս վճարված 22 500 դրամը ((25000-18000)x3 ամիս):

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում 2019 թվականի հունվարի 1-ից 25 500 դրամ են դարձել`

ա) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության 3-րդ խմբի զինվորական կենսաթոշակի չափը` նախկին 18 000 դրամի փոխարեն (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 2598),

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 24 000 դրամի փոխարեն (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 186): Այս դեպքում երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը մնացել է անփոփոխ` 80000 դրամ:

 

ԿԻՍՎԵԼ