Սոցիալական գործընկերությունը շարունակվում է

2018 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված համաձայնագրով Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարեցվել է  մեկ տարով:

Այս առթիվ, դեկտեմբերի 26-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել   հանդիպում, որի ընթացքում  եռակողմ համաձայնագրի կողմերը ամփոփել են կատարված աշխատանքները և խոսել առաջիկա անելիքների մասին։

Կարևորելով նշված փաստաթղթի անհրաժեշտությունը աշխատողների և գործատուների շահերի պաշտպանության ապահովման գործընթացում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Ուդումյանն ընդգծել է. «Եռակողմ համաձայնագրի նպատակն է խթանել սոցիալական գործընկերության կայացումն ու զարգացումը, հանրապետական ճյուղային մակարդակներում կոլեկտիվ բանակցությունների կազմակերպման միջոցով բարելավել խոցելի վարձու աշխատողների աշխատանքային պայմանները:

Արման Ուդումյանն հավելել է նաև, որ 2019թ. Հայաստանի համար նախատեսվում է ստորագրել «Արժանապատիվ աշխատանքի» քառամյա նոր ծրագիրը, որտեղ հստակ ուրվագծված են անելիքները: Նա նշել է, որ ծրագրի հիմնական 4 բաղադրիչներից մեկը վերաբերում է սոցիալական գործընկերությանը և հույս հայտնել, որ ծրագրի իրականացման ընթացքում ավելի կհստակեցվեն ու կամրագրվեն երեք կողմերի պարտականություններն ու աշխատանքները:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը շնորհակալություն հայտնելով շուրջ տաս տարի տևող գործընկերության համար նշել է, որ եռակողմ պայմանագիրը շատ պարտավորեցնող է բոլոր կողմերի համար: «Մենք գտնում ենք, որ այն շատ կարևոր ինստիտուտ է երկրի համար, որտեղ 3 կողմերի շահերը զուգակցվում են և փոխհամաձայնեցման միջոցով լուծվում սոցիալ-աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավիճակներից բխող խնդիրները»:

Արհմիությունների կոնֆեդերացիայի  նախագահի տեղակալ Բորիս Խարատյանն էլ իր հերթին խոսել է համագործակցության  տարիների ընթացքում ձեռքբերված փորձի, խնդիրների և անելիքների մասին: «Սա այն ձևաչափն է, որը հնարավորություն է ստեղծում համաձայնեցնելու երեք կողմերի շահերը, ովքեր նույն հարցի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ: Հույս ունեմ, որ պայմանագրի այն դրույթները, որոնք կատարվել են մասամբ, հաջորդ մեկ տարվա ընթացքում կկարողանանք հասցնել ավարտին»:

Հանդիպմանը մասնակցել են Հանրապետական եռակողմ հանձնաժողովում պետական կողմը ներկայացնող նախարարությունների, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների միության ներկայացուցիչները։

ԿԻՍՎԵԼ