Զարուհի Բաթոյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Դեկտեմբերի 20-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։

Կենտրոնը երազանքից իրականություն է դարձել տասը ամսվա ընթացքում։ Երևանի պետական բժշկական համալսարանի և Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքն է, բազմաթիվ բարերարներ և անհատ քաղաքացիներ են աջակցել։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 2018թ. հունվարի 28-ին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալի պաշտոնակատարը շրջել է կառույցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Կենտրոնում անվճար վերականգնողական բուժում են ստանում վիրավոր, ինչպես նաև զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք, կան նաև քաղաքացիներ, ովքեր ստանում են վճարովի ծառայություններ, ինչն էլ կենտրոնին հնարավորություն է տալիս հոգալ վիրավոր զինծառայողների բուժման ծախսերի մի մասը։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որը հայտնի է նաև «Զինվորի տուն» անվամբ, հագեցած է ժամանակակից վերականգնողական սարքերով, իր հնարավորություններով տարածաշրջանում եզակի կենտրոն է։ Սա մի համալիր է, որտեղ բացի վերականգնողական ծառայություններից ու բուժօգնությունից զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են նաև հոգեբանական աջակցություն, մասնակցում ուսումնական ծրագրերի, լուծվում են նրանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերը։

Վերականգնողական կենտրոնի տնօրենն ու ԵՊԲՀ ռեկտորը Զարուհի Բաթոյանի հետ քննարկել են կենտրոնի զարգացման ծրագրերը, համագործակցության հնարավոր ուղիներն ու ձևաչափերը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր մոդելի ներդրման ուղղությամբ տարված աշխատանքները, նախարարության տեսլականը։

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ հանդիպում-քննարկումները պարբերական բնույթ կունենան, համատեղ ծրագրերն էլ երկար սպասեցնել չեն տա։

ԿԻՍՎԵԼ