Հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց բոլոր աջակցող սարքերը 2019թ. կտրամադրվեն պետական հավաստագրերի հիման վրա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող սարքերի վերաբերյալ (պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, օրթոպեդիկ կոշիկներ և այլն):

Ընդունված որոշմամբ հնարավորություն է ընձեռնվում պետական բյուջեի միջոցով տրամադրվող բոլոր աջակցող սարքերը տրամադրել պետական հավաստագրերի միջոցով, ինչը թույլ կտա ծրագրի շահառուներին ընտրելու իրենց կարիքներին համապատասխան պարագաներ՝ իրենց հարմար որակավորված կազմակերպությունից:

Որոշման համաձայն նախատեսվում է նաև անցում կատարել էլեկտրոնային հավաստագրերի տրամադրման, ինչը լրացուցիչ հնարավորություն կընձեռի հնարավորինս պարզեցնել հավաստագրերի տրամադրման գործընթացը, հստակեցնել հավաստագիրը տրամադրողի և հավաստագիր ստացողի փոխհարաբերությունները և վերահսկելի դարձնել  հնարավոր ռիսկերը՝ անհարմարություններ, քաշքշուկներ, հավաստագրի թղթային տարբերակի կորուստ և այլն:

Որոշմամբ նախատեսված է նաև 18-29 տարեկան լսողական խնդիրներ ունեցող անձանց, անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից տրամադրել լսողական սարքեր ձեռք բերելու պետական հավաստագրեր:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման համաձայն անվասայլակները և լսողական սարքերն արդեն իսկ տրամադրվում էին պետական հավաստագրերի հիման վրա:

ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի 2019թ. հունվարի 1-ից:

 

 

ԿԻՍՎԵԼ