Մայիսի 31-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանն իր տեղակալների, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելեց Կոտայքի մարզ` քաղաքացիներին հանդիպելու և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի, մարզի սոցիալական ծառայությունների աշխատակիցների հետ մարզում առկա խնդիրները քննարկելու նպատակով:

Քաղաքացիների ընդունելությունը նախարարը կատարեց Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի հետ համատեղ: Ինչպես նախորդ երկու` Լոռու և Վայոց Ձորի մարզերում,  Կոտայքում ևս քաղաքացիների հիմնական հարցերը վերաբերում էին ավանդների փոխհատուցմանը, ընտանեկան նպաստին, զբաղվածությանը: Քննարկվեց հանդիպման ներկայացած յուրաքանչյուր քաղաքացու հարցը, տրվեցին լուծումներ, հանձնարարականներ:

Ընդունելությանը հաջորդեց նախարարի հանդիպումը մարզի սոցիալական ծառայությունների ղեկավարների, համայնքապետերի հետ: Քննարկվեցին վարձատրվող հասարակական աշխատանքների շարունակականության, սոցիալական տարբեր ծառայություններից օգտվելու գործընթացները դյուրացնելու, թափանցիկ դարձնելու  և բնակչությանը հուզող բազմաթիվ այլ հարցեր:

Նախարարի հաջորդ այցը տեղի կունենա հունիսին:

ԿԻՍՎԵԼ