Կարիերայի ուղղորդման խմբային ծառայություններ անցկացնելու իրենց հմտություններն են զարգացրել զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետները

Նոյեմբեր ամսվա ընթացքում Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի կողմից վերապատրաստվել է զբաղվածության պետական գործակալության 15 տարածքային կենտրոն 19 մասնագետ: Վերապատրաստումն անցկացվել է «Կարիերայի ուղղորդման խմբային ծառայությունները զբաղվածության ոլորտում» թեմայով՝ նպատակ ունենալով զարգացնել մասնակիցների կողմից մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման խմբային ծառայություններ իրականացնելու կարողություններն ու հմտությունները:

Ինտերակտիվ, մասնակցային մեթոդներով անցկացված 40 ժամյա դասընթացի ժամանակ մասնակիցները ծանոթացել են խմբային աշխատանքների պլանավորման,  կազմակերպման և կառավարման հիմունքներին, տարբեր տարիքային և սոցիալական խմբերի հետ աշխատանքի սկզբունքներին ու մեթոդական առանձնահատկություններին, ինչպես նաև  կարիերայի պլանավորման հմտությունների զարգացման մեթոդներին:

Վերապատրաստման արդյունքում ակնկալվում է, որ զբաղվածության տարածքային կենտրոնի մասնագետները խմբային ծառայությունների միջոցով կխթանեն աշխատանք փնտրող և գործազուրկ անձանց զբաղունակության հմտությունների ձևավորումն ու զարգացումը՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը:

ԿԻՍՎԵԼ