Նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանն աշխատանքային այցով գտնվում է Մինսկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանն այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է «Համագործակցություն տղամարդկանց և տղաների հետ՝ հանուն գենդերային հավասարության» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այն նպատակ ունի աղջիկների և կանանց հետ համատեղ բարձրաձայնել գենդերային վնասակար նորմերին հակազդելու անհրաժեշտությունը։

Նախարարի առաջին տեղակալի այցի նպատակն էր ծանոթանալ գենդերային զգայուն ընտանիքի քաղաքականությունների և դրանց իրականացման դրական փորձերին, գենդերային կոշտ նորմերի վերացմանն ուղղված լավագույն օրինակներին, ինչպես նաև գենդերային հավասարության ապահովման համար տղամարդկանց ներգրավվածության խթանման նորարարական մոտեցումներին։

Գործընկեր կազմակերպությունների և կառույցների հետ համաժողովի աշխատանքների ընթացքում հնարավորություն է ստեղծվել քննարկել համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Համաժողովի շրջանակում Արսեն Մանուկյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Վալերի Կովալկովի հետ, ում հետ քննարկվել են սոցիալական ոլորտում երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման շրջանակներն ու զարգացման ուղիները:

Համաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային և Բելառուսի Հանրապետության գրասենյակների կողմից։

ԿԻՍՎԵԼ