Ինտեգրված սոցիալական ծառայությունները մեկ հարկի տակ

Նոյեմբերի 16-ին և 17-ին տեղի ունեցավ «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացների հետ կապված խնդիրներն ու անելիքները» թեմայով երկօրյա սեմինար-խորհրդակցությունը: Հանրապետության տարբեր մարզերի սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների յոթ տասնյակից ավելի պատասխանատուներ դասընթացի ընթացքում ծանոթացան ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի գաղափարաբանությանը, ընդհանուր կառուցվածքին և առանձնահատկություններին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաները մասնակիցներին ներկայացրեցին համակարգի ներդրման գործընթացներում նախատեսվող հայեցակարգային փոփոխությունները: Այդ համատեքստում խոսեցին նաև կենսաթոշակային, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող այլ ծառայությունների դերի մասին:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայության /սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն/ տեղակայում մեկ վայրում:

Համակարգի միջոցով սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները: Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակից բխող մեկ համալիր պատասխան:

ԿԻՍՎԵԼ