Նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող-ներկայացուցիչներին։

Հանդիպման նպատակը սոցիալական պաշպանության ծառայությունների՝ մեկ հարկի տակ կազմավորելու, կազմավորման ընթացքում առաջացած խնդիրները քննարկելու, հնարավոր լուծումներ գտնելու, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև հետագա համագործակցությունների, ներդրումների մասին հարցերի քննարկումն էր։

Հանդիպման սկզբում Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի աշխատանքները կատարող թիմի ղեկավար Մարինա Պետրովիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծեց մեր օրերում սոցիալական պաշտպանության ծառայությունների մատուցման դյուրացման կարևորությունը։

«Սոցիալական պաշտպանության ծառայությունների մեկ հարկի տակ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը ոլորտում կարևորագույն փոփոխություններից մեկն է։ Համագործակցելով ոլորտի պատասխանատու մարմնի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մենք լիահույս ենք, որ մեր առջև դրված վերջնաժամկետում համատեղ ուժերով կկարողանանք ավարտին հասցնել պլանավորված աշխատանքները»,-նշել է Մարինա Պետրովիչը։ Նա նշել է  նաև, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման արդյունքում էլ ավելի է մեծանալու սոցիալական աշխատողների դերն ու նշանակությունը, ովքեր պետք է հասարակության և պատասխանատու մարմինների միջև դառնան այն կարևոր օղակը, որն առավել պարզ կներկայացնի խոցելի խմբերի կարգավիճակը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի ներկայացուցիչներին՝ նախարարությանը ենթակա ոլորտներում ներգրավվածության, աջակցության և համատեղ ձեռնարկած աշխատանքների համար, ապա և ընդգծեց հետագա հնարավոր համագործակցության տեսլականի կարևորությունը։

«Համաշխարհային բանկի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև համատեղ իրականացվող սոցիալական ծառայությունների մեկ հարկի տակ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների վերածումը օր առաջ կարևոր է։ Այս մասին ես իմ տեսակետը տարբեր առիթներով հայտնել եմ  նաև երկրի Վարչապետին և փոխվարչապետերին։ Ծրագրի վերջնական նպատակին հասնելու համար, այնուամենայնիվ, մենք պետք է համոզված լինենք մեր հետագա համագործակցության, ինչպես նաև ավելի առարկայական խոսելու մասին»,-նշել է Մանե Թանդիլյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև նախարարությանը ենթակա այլ ոլորտների, համատեղ ծրագրերի առջև ծառացած խնդիրների, դրանց հնարավոր լուծումների, ինչպես նաև սոցիալական աշխատողների վերապատրաստման աջակցության մասին հարցեր։

ԿԻՍՎԵԼ