Մանե Թանդիլյանի եզրափակիչ ելույթը «Չանտեսելով ոչ ոքի Հայաստանում» համաժողովին

Տիկնայք և պարոնայք, ողջունում եմ բոլորիդ

Նախքան ամփոփիչ ելույթիս անցնելը, ևս մեկ անգամ ցանկանում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, Համաշախարհային բանկին, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիային այսչափ կարևոր իրադարձությանը նվիրված համաժողովի կազմակերպմանն աջակցելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում սոցիալական պաշտպանության ոլորտում աշխատող և մեզ հետ համագործակցող բոլոր կազմակերպություններին՝ և՛ միջազգային, և՛ տեղական առանց որևէ բացառության։ Ձեր բոլորի գործունեությունն ուղղված է սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացմանը և անգնահատելի արժեք է ներկայացնում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարության աշխատակիցներին այս տարիների ընթացքում իրենց կատարած աշխատանքի և նվիրումի համար։ Այո՛, մենք պետք է քաջություն ունենանք արձանագրելու, որ մեր երկրի սոցիալական պաշտպանության համակարգը խոցելի է, այստեղ կան թերություններ, տարիների ընթացքում եղել են նաև ոչ ճիշտ եզրահանգումներ և որոշումներ,  սակայն ունեցել ենք նաև ձեռքբերումներ և հաջողություններ։

Հարգելի հյուրեր, մեզ համար մեծագույն պատիվ էր հյուրընկալել ձեզ բոլորիդ մեր երկրում, լսել և սովորել ձեզանից։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բանախոսներին հետաքրքիր և արդյունավետ քննարկումների համար,  որոնց նպատակն էր՝

  • Վերանայել սոցիալական պաշտպանության դերը աղքատության կրճատման, կայուն և մարդկային կապիտալի զարգացման համատեքստում և այն դիտել որպես զբաղվածության, առողջապահության, կրթության, սնուցման, առանց բռնության կյանքի, գենդերային հավասարության և այլ ոլորտներում արդյունքների հասնելու անհրաժեշտ նախապայման:
  • Վերամշակել սոցիալական պաշտպանության համակարգի ներքո իրականացվող ոլորտային քաղաքականությունները՝ կիրառելով կենսափուլային մոտեցում։
  • Վերաիմաստավորել սոցիալական պաշտպանության միջոցառումները, ներառյալ սոցիալական ապահովության համակարգերի գործառնությունը, սոցիալական աշխատանքի և սոցիալական աջակցության տրամադրման ձևաչափն ու մեխանիզմները՝ մարդկային կապիտալը զարգացնելու և հզորացնելու նպատակով և աշխատաշուկայի ակտիվացմանն ուղղված ջանքերին համընթաց:
  • Զարգացնել նպատակային որոշումներ կայացնելու մշակույթը, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել հավասար հնարավորություններ ՀՀ հասարակության բոլոր շերտերի համար։

Հայաստանը հավատարիմ է կայուն զարգացման համաշխարհային օրակարգին և ԿԶՆ-ի մարտահրավերներին, այն է՝ մինչև 2030թ. վերջ տալ ծայրահեղ աղքատությանը և կիսով չափ նվազեցնել աղքատությունը՝ իր բոլոր դրսևորումներով: Այս տեսլականը կարևոր է կառավարության, ինչպես նաև այլ դերակատարների գործունեության համար:

Այս նպատակին հասնելու ճանապարհին համաժողովի մասնակիցների կողմից մշակվել է առաջարկությունների և գործողությունների փաթեթ՝ ուղղված ՀՀ կառավարությանը, քաղաքականություն մշակողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մեր բոլոր գործընկերներին։

Թույլ տվեք առավել ամփոփ անդրադառնալ դրանցից յուրանքաչյուրին

Եվ այսպես՝

  1. Ինչպես գիտենք՝ տնտեսական և սոցիալական զարգացման ռազմավարությունների և քաղաքականությունների ինտեգրումը կարևորագույն նշանակություն ունի ԿԶՆ-ներին հասնելու և Հայաստանում որևէ մեկին չանտեսելու տեսանկյունից:

Տնտեսական զարգացումը աղքատության կրճատման հիմնական շարժիչն է: Հետևաբար մենք պետք է անցում կատարենք ներառական տնտեսական զարգացմանը՝ հաշվի առնելով աճի անհավասար ներգործությունը սոցիալապես խոցելի խմբերի վրա, ընդգրկելով սոցիալական պաշտպանության համակարգի ընդլայնումը և կամ բարելավումը: Սոցիալական պաշտպանության արդյունավետության բարձրացման համար առաջարկվում է մշակել անկախ սոցիալական պաշտպանության համապարփակ ռազմավարություն, որտեղ հաշվի կառնվեն սոցիալական պաշտպանության բոլոր հարթությունները, կարիքի մեջ գտնվող անձինք՝ վաղ մանկությունից մինչև պատանեկություն, հասունություն և կենսաթոշակային տարիք:

Այն դեպքում, երբ անհրաժեշտություն լինի ռազմավարության մշակման փոխարեն շարժվել այլ ճանապարհով, ապա բնակչության, հատկապես երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա աղքատության ազդեցությունը պետք է դիտարկվի զարգացման բոլոր ոլորտներում՝ Հայաստանի կայուն զարգացման ռազմավարություն, ներառական տնտեսական աճի ընդգրկուն ռազմավարություն և այլն:  Ներառական սոցիալական և տնտեսական զարգացման համատեքստում մենք կարիք ունենք իրականացնել տարբեր գործոնների ազդեցության ուսումնասիրություններ, փորձարկումներ, կանխատեսումներ և վերլուծություններ՝ դիտարկելով երկրում հավասար հնարավորությունների առումով բացերի կամ խնդիրների հաղթահարման հնարավորությունը (օրինակ` հարկային օրենսդրություն, առևտուր և այլն):

  1. Ընտանիքների և երեխաների համար նախատեսված կանխիկ դրամական փոխանցումները պետք է նշանակալիորեն նպաստեն աղքատության և զրկանքների նվազեցմանը՝ միևնույն ժամանակ տեղ թողնելով նրանց բարեկեցության գործում ներդրումներ կատարելու համար:

Առաջարկվում է վերանայել սոցիալական պաշտպանության միջոցառումների համախումբը, հատկապես պետք է վերանայվի նպաստների համակարգը, որպեսզի առավելագույնս զուգակցվի աղքատության կրճատման և աղքատության հետևանքով աղքատ տնային տնտեսություններին այդ իրավիճակից դուրս բերելու գործընթացներին: Խորհուրդ է տրվում իրականացնել աղքատության կրճատման և մարդկային զարգացման առավել նշանակալի առաջնահերթությունների (օրինակ` ծնելիության բարձր մակարդակի խթանման), ինչպես նաև հայ հասարակության մեջ աճող անհավասարությունների նվազեցման վրա ազդեցության գնահատում:

Սոցիալական պաշտպանության միջոցառումների համախումբը պետք է բարելավվի համապատասխան միջոցառումների և գործիքակազմի ընդունման միջոցով: Կանխիկ դրամական փոխանցումները կարող են լինել անմիջական արձագանքը դրամական աղքատությանը, սակայն դրանք պետք է ներառվեն սոցիալական աջակցության և խնամքի ծառայությունների հետ՝ երկու միջամտությունների ազդեցությունը առավելագույնի հասցնելու համար:

  1. Կանխիկ փոխանցումները պետք է լրացվեն, համակարգված և սերտորեն կապված լինեն սոցիալական պաշտպանության այլ կարևոր միջամտությունների, հատկապես սոցիալական խնամքի և աջակցության ծառայությունների ու ակտիվ աշխատաշուկայի քաղաքականության հետ: Միջգերատեսչական համագործակցությունը առաջնային դեր է խաղում աղքատության նվազեցման և հետևանքների մեղմացման պարագայում:

Սոցիալական պաշտպանության միջոցառումների համախումբը պետք է կապված լինի աշխատաշուկայի ակտիվացման և արժանապատիվ աշխատանք գտնելու ուղիների հետ, հատկապես՝ երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և ամենաաղքատների պարագայում:
Այս առումով, առաջարկվում է աստիճանական մոտեցում որդեգրել՝ համապատասխան մոնիթորինգի և գնահատման համակարգերով հանդերձ, օգտագործելով սոցիալական աշխատողների ցանցը:

  1. Մարդակենտրոն ինտեգրված սոցիալական պաշտպանության համակարգերը մարդու ողջ կյանքի ընթացքում զարգացման լայն հնարավորություններ են առաջարկում:

Մենք պետք է շարունակենք և ավարտին հասցնենք երկրում ընթացող ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխումը՝ ընդգրկելով հանրապետության ողջ տարածքը: Քաղաքականության մշակումը, առաջնայնությունների ձևակերպումն ու զարգացումը պետք է իրականացվեն պետական մակարդակով, ներառյալ բոլոր սոցիալական ծառայությունների համակարգող մարմնի ստեղծումը, մինչդեռ ծառայությունների մատուցումը, հատկապես մարդկային գործոն ենթադրող, պետք է ուղղորդվի տարածքային մակարդակ:

Բացի այդ, ծառայությունների ինտեգրումը պետք է համալրվի նաև միասնական ռեեստրի/ՏՏ համակարգի ստեղծմամբ (միավորելով առկա բոլոր սոցիալական ռեգիստրները): Սա կօգնի բարձրացնել սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը և առավելագույնս համարժեք արձագանքել ընտանիքների և երեխաների բազմաշերտ խոցելիությանը և հետևել մարդկային զարգացման արդյունքներին: Ինտեգրված համակարգերի արդյունավետ մոնիթորինգն ու գնահատումը անհրաժեշտ է համակարգի զարգացման և ծրագրերի հիմնավորված շարունակականության համար:

  1. Սոցիալական ծառայությունների և աշխատուժի հաշվետվողականությունն ու պրոֆեսիոնալիզմը ԿԶՆ-ների և սոցիալական քաղաքականության իրականացման հիմնաքարերն են:

Անհրաժեշտ է բարձրացնել դեպքի վարման որակյալ համակարգին և սոցիալական աշխատուժին ուղղված ներդրումները՝ խթանելով շարունակական և միջմասնագիտական փորձառությունը, սոցիալական աշխատողների մասնագիտացումը՝ որակավորման ծրագրերի զարգացման, դասընթացների հնարավորությունների և բարելավված աշխատանքային պայմանների միջոցով, ներառյալ համարժեք փոխհատուցումը:

  1. Սոցիալական պաշտպանությանը պետք է հատկացնել համապատասխան և բավարար ֆինանսական միջոցներ՝ որպես ներդրում մարդկային կապիտալում:

Անհրաժեշտ է վերլուծել սոցիալական պաշտպանության առկա ծախսերը, բարձրացնել արդյունավետությունը, արդյունավետության բարձրացման հաշվին ի հայտ եկած հավելյալ ռեսուրսները վերաբաշխել և հատկացնել սոցիալական աջակցությանն ուղղված ավելի լավ և արժեք ստեղծող միջոցառումների, հատկապես՝ սոցիալական խնամքի և աջակցության ծառայություններին։

  1. Հայաստանի կառավարությունը, գործընկերների հետ համատեղ, պետք է ընդլայնի գիտակցումն առ այն, որ սոցիալական պաշտպանությունը ներդրում է մարդկային կապիտալի զարգացման մեջ, այլ ոչ զուտ ծախս։ Պետք է հաղթահարել սոցիալական պաշտպանության համակարգում առկա անհավասարակշռությունը և խթանել սոցիալական համերաշխությունը։

Այս համատեքստում մենք կարիք ունենք բարձրացնել հասարակության իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակը։ Մեր գործունեությունը պետք է  լինի թիրախավորված, ապակենտրոն, նաև Երևանից դուրս։ Մենք պետք է ձեռնամուխ լինենք մարզային շրջաններում և գյուղական բնակավայրերում հաղորդակցության հմտությունների զարգացմանը, քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բաձրացմանն ուղղված գործողությունների մշակմանը, որը ենթադրում է անձնային աճի հզորացմանն ու աշխատաշուկայում մրցունակության ապահովման մեխանիզմների ձևավորում։

Հարգելի գործընկերներ, թույլ տվեք այսքանով եզրափակել խոսքս և հաստատել, որ Համաժողովի օրակարգը թույլ տվեց խորությամբ պատկերացում կազմելու, թե Հայաստանի կայուն զարգացման մեջ ինչ դեր ունի սոցիալական պաշտպանության համակարգը, ինչպիսին այն պետք է լինի և ինչպես այն կարող է ծառայել մարդկային կապիտալի զարգացման գործում, իսկ մենք բոլորս գիտենք, որ Հայաստանը այն պետությունն է, որտեղ մարդկային կապիտալը մեծ պոտենցիալ ունի։ Մնում է՝ կարողանանք ճիշտ իրացնել այդ պոտենցիալը և դարձնել հանրային բարիք։ 
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ բոլորիդ արդյունավետ աշխատանքի համար։

ԿԻՍՎԵԼ