Մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրումը կնպաստի ծրագրերի հասցեականության բարձրացմանը․ Արման Ուդումյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Measure evaluation» ծրագիրը համատեղ շարունակում են Հայաստանում երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների մշտադիտարկման և գնահատման համակարգի ձևավորման համար անհրաժեշտ կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացները։

Ծրագրի հերթական դասընթացին, որը նվիրված էր տվյալների համակարգմանը, որակին և վերլուծությանը, մասնակցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու գործընկեր կառույցների 25 մասնագետներ։ Այս դասընթացի անհրաժեշտությունը հիմնավորվել էր դեռևս   հունվարին կայացած մասնակցային ինքնագնահատման ժամանակ: Ութ հիմնական ուղղություն-առաջարկություններից մեկը համակարգի մշտադիտարկման և գնահատման մեխանիզմ ստեղծելն էր և կարողությունների զարգացումը: «Measure evaluation» ծրագիրը առաջիկա ամիսներին աջակցելու է այդ համակարգի առաջին հենասյուները դնելու հարցում:

Դասընթացի մասնակիցներին ողջունել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ծրագրի շրջանակում ձևավորված Հայաստանի հիմնական թիմի համակարգող Արման Ուդումյանն ու ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման  բաժնի ղեկավար Լայլա Էնդյուս Բաշանը։ Նրանք կարևորել են մշտադիտարկման և գնահատման համակարգի միջոցով ստացված տվյալների պահանջի ձևավորման ու օգտագործման, որակի պահպանման, տվյալների վերլուծության մոտեցումները:

ԿԻՍՎԵԼ