Փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 1-ի հերթական նիստում ընդունվել է «ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում:

Հարկ է նշել, որ գործող կարգի համաձայն՝ ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած բանկային հաշվի հնարավոր է փոխանցել երեխայի 1 տարին լրանալուց հետո, սակայն ամսական առավելագույնը 25000 ՀՀ դրամի չափով:

Որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդող օրվանից, անկախ երեխայի 1 տարին լրացած լինելու հանգամանքից, հնարավոր է ընտանեկան դրամագլուխը տնօրինել ամսական առավելագույնը 50000 ՀՀ դրամի չափով ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով:

Ընդ որում, ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած բանկային հաշվի փոխանցելու համար, ինչպես ներկայումս, ծնողը պետք է դիմի այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության (ընտանեկան դրամագլխի) հաշիվը:

Մեկ անգամ դիմելով բանկ` հնարավոր է բանկին տալ հանձնարարական՝ հետագա ամիսներին ևս վճարումներ կատարելու համար:

 

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ