Հայաստանը պետք է ունենա միջգերատեսչական համագործակցության հիմքի վրա ստեղծված սոցիալական պաշտպանության համակարգ. Մանե Թանդիլյան

Հոկտեմբերի 31-ին մեկնարկեց «Չանտեսելով ոչ ոքի Հայաստանում. սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում» խորագրով եռօրյա համաժողովը, որը համախմբել  էր գործադիր իշխանության ներկայացուցիչներին, Եվրոպայից ու ԱՄՆ-ից ժամանած 20-ից ավելի առաջատար փորձագետներին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներին: Իր տեսակի մեջ առաջին լայնածավալ միջազգային համաժողովը նվիրված է աղքատության կրճատման և կայուն զարգացման օրակարգում սոցիալական պաշտպանության դերի վերաիմաստավորմանը:

Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, ով կարևորել է Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխուﬓերը։

«Ես իսկապես լիահույս եմ, որ մեր փոխադարձ ըմբռնմամբ սոցիալական պաշտպանության ոլորտի կարևորությունը արժևորելով մենք կկարողանանք կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ սոցիալական պաշտպանությունը կընկալվի որպես ներդրում մարդկային կապիտալիզացիայի զարգացման մեջ և կդառնա մեր պետության հետագա հզորացման ուղին: Հայաստանը պետք է ունենա սոցիալական պաշտպանության համակարգ, որտեղ կներառվեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները միջգերատեսչական համագործակցության հիմքի վրա, կգնահատվեն մարդկանց կարիքները՝ աջակցությունը հասցեական տրամադրելու համար»,- ընդգծել է նախարարի պաշտոնակատարը:

Մանե Թանդիլյանը խոսել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 100-ամյա և սոցիալական ծառայությունների համակարգի 25–ամյա գործունեության մասին՝ շեշտելով, որ այս հոբելյանական տարեդարձները կարևոր և պարտավորեցնող առիթներ են, որպեսզի վերաիմաստավորվի սոցիալական պաշտպանության համակարգի դերը աղքատության կրճատման օրակարգում:

Այնուհետև, համաժողովի մասնակիցներին ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ով իր խոսքում նշել է, որ աղքատությունը մարդկանցից հաճախ խլում է իրենց իսկ հնարավորությունները, հույսը, արժանապատվությունն ու իրենց կարողությունների նկատմամբ վստահությունը: «Թեև հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում զգալիորեն կրճատել աղքատության ազդեցությունը, սակայն հնարավոր է կրճատել աղքատության ազդեցությունը երեխաների վրա խելացի հանրային քաղաքականության, ինչպես նաև մասնավոր հատված-հանրություն գործընկերության միջոցով»,- շեշտել է տիկին Ռադոչայը:

Համաժողովին ելույթով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:

Համաժողովի երեք օրերի ընթացքում առանձին ելույթներով հանդես կգան նաև նախարարի պաշտոնակատարի  տեղակալները՝ ներկայացնելով մարդու կենսափուլի ողջ ընթացքում սոցիալական պաշտպանության համակարգերի ներդրումը, մասնավորապես սոցիալական ծառայությունների համակարգում,  հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի բացահայտումն ու իրագործումը, տարեցներին ուղղված քաղաքականությունը, հաշվետվողական և պրոֆեսիոնալ  սոցիալական աշխատանքը՝ որպես կայուն զարգացման նպատակների և սոցիալական քաղաքականության իրագործման հիմնասյուն:

Եռօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները կունկնդրեն Եվրոպայից և ԱՄՆ-ից ժամանած սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար փորձագետների ելույթները, ինչպես նաև կմասնակցեն բազմաբնույթ պլենար քննարկումների:

ԿԻՍՎԵԼ