Նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն ընդունել է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և աշխատատեղերի թիմի ներկայացուցիչներին։ Հանդիպման առանցքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի միջև մինչ 2019 թվականի հուլիսը նախարարությանը ենթակա ոլորտների հնարավոր ներգրավվածության, երկրում զբաղվածության, ինչպես նաև սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացման  հիմնահարցերի քննարկումն էր։

Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և աշխատատեղերի թիմի ղեկավար Մադալենա Հոնորատին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ ներկայիս և հետագա համատեղ ծրագրերում դրական արդյունքների հասնելը առաջին հերթին կապված է երկկողմ փոխգործակցության արդյունավետությունից։

«Սոցիալական պաշտպանության ոլորտի ամբողջական կայացումը հնարավոր է միմիայն համատեղ ջանքերի, փորձի փոխանակման և սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացման շնորհիվ։ Կարծում եմ, որ այս ինստիտուտի կայացումը հասարակության և պատասխանատու մարմինների միջև կդառնա այն օղակներից մեկը, որն առավել քան պարզ կներկայացնի խոցելի խմբերի կարգավիճակը, կպարզի, թե այդ խմբերն իրականում ինչ ծառայությունների կարիք ունեն, որպեսզի ամբողջապես ադապտացվեն կյանքին»,– նշել է Մադալենա Հոնորատին։

Նա նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել սոցիալական աշխատողների վերապատրաստմանը, ոլորտում առկա խնդիրների քարտեզագրմանը, ինչպես նաև փոխանցել ոլորտում գործող և հաջողված փորձի տարբերակները։

Նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, շեշտել է, որ նշված ծրագրերի իրականացումը ևս մեկ անգամ կփաստի կողմերի միջև համագործակցության և փոխվստահության կայացած լինելու մասին։

«Հույս ունեմ, որ Համաշխարհային բանկի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև համագործակցությունը բարձր մակարդակով կշարունակվի նաև այս ոլորտում։ Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր համագործակցության արդյունքում նույնպես մարդկանց կյանքի որակի մակարդակի բարձրացում տեղի ունենա։ Եվ ես համաձայն եմ Ձեզ հետ․ երկկողմ փոխգործակցությունը միմիայն խթան կհանդիսանա տվյալ նպատակի կայացմանը»,– նշել է Մանե Թանդիլյանը։

Ներկաները քննարկել են նաև երկրում զբաղվածության, աշխատանքային քաղաքականության, ինչպես նաև աշխատատեղեր ստեղծելու խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված համատեղ հնարավորությունները։

ԿԻՍՎԵԼ