Տարեցների օրը՝ խնամքի հաստատություններում

Հոկտեմբերի 1-ը աշխարհի շատ ու շատ երկրներում նշվում է որպես Տարեցների միջազգային օր։ Տոնական օրվա առիթով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող կառույցներում ավանդաբար տեղի  են ունենում տոնական միջոցառումներ: Այս տարին ևս բացառություն չէր։

Տոնի առթիվ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալն այցելել է Նորքի տուն-ինտերնատ` շնորհավորելու բնակիչներին և միասին նշելու տոնական օրը։

Տոնի կապակցությամբ նախարար Մանե Թանդիլյանի և նախարարության անունից շնորհավորելով տատիկներին և պապիկներին,  Արսեն Մանուկյանը նրանց մաղթել է  առողջ և երկար տարիների կյանք, միաժամանակ նշել, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարեցների սոցիալական խնդիրները և փորձում է ապահովել արժանապատիվ կենսապայմաններ և ապահով ծերություն:

«Մեր ավագ ընկերներ ու բարեկամներ, մենք գնահատում ենք ձեր ներդրումն ու ավանդը, որ ունեք մեր երկրի կայացման ու զարգացման գործում։ Լիահույս եմ, որ մի օր մենք կկարողանանք ապահովել այնպիսի միջավայր, երբ տարեցներն այլևս կարիք չեն ունենա կենտրոնանալու սոցիալական ու առողջապահական խնդիրների վրա, և ամբողջ ուժն ու եռանդը կուղղեն իերնց կենսափորձը մատաղ սերունդների փոխանցելու գործին»,- ողջույնի խոսքում նշեց նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը։

Երգ, պար, ուրախ տրամադրություն. տարեցների օրը տոնական դարձնելու նպատակով հաստատության աշխատակազմը համերգ էր կազմակերպել, իսկ տոնական ճաշկերույթի հատուկ «հերոսը» պապիկների ձեռքով պատրաստված խորովածն էր։

Այնուհետև, տնօրեն Արթուր Մելքոնյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է հաստատությունում, զրուցել տատիկների և պապիկների հետ, հետաքրքվել նրանց խնդիրներով,  լսել նրանց  ցանկությունները,  անձնական խնդրանքները:

Երևանի թիվ 1 տուն ինտերնատում ևս տոն էր: Նախարարության ներկայացուցիչները մասնակցել են տարեցների համար կազմակերպված համերգին և ճաշկերույթին։

Իսկ ահա Գյումրու տուն-ինտերնատի բնակիչներին շնորհավորելու նպատակով հաստատություն էր այցելել նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։ Տարեցների համար տոնական տրամադրությունը ապահովել էին Շիրակի մարզի ժողովրդական գործիքների պետական նվագախումբն ու Գյումրու քաղաքապետարանի պարարվեստի դպրոցի սաներ։

Տեղեկացնենք, որ ՄԱԿ֊ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ Տարեցների միջազգային օրվան ընդառաջ «ՆԱրԷ» երգչախումբը այցելել է նաև Գյումրի և Գավառ քաղաքներում գործող Տարեցների աջակցության կենտրոններ։

Տոնական օրն ամփոփվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կազմակերպված համերգով։ ՄԱԿ֊ի բնակչության հիմնադրամի օժանդակությամբ «ՆԱրԷ» երգչախումբը հանդես եկավ նոր ծրագրով։ Ունկնդիրնրեը օրվա հերոսներն էին՝ տարեցները։

ԿԻՍՎԵԼ