ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն ընդունել է Գերմանիայի Օստալբի շրջանի նահանգապետին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն ու նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գալստյանն այսօր ընդունել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Օստալբի շրջանի նահանգապետ պարոն Կլաուս Պավելին, Հայաստանում «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի հիմնադիր քահանա Կառլ-Հայնց Շայդենին և կենտրոնի տնօրեն Մովսես Պողոսյանին։

Հանդիպման նպատակը սոցիալական դժվարին պայմաններում հայտնված երկու տարբեր խմբերի՝ տարեցներին և երեխաներին նվազագույն սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին հարցերի քննարկումն էր։  «Հուսո տուն» կենտրոնի ներքո գործող «Գթության խոհանոց» ծրագիրն այժմ էլ գործում է Հայաստանում և Երևանի քաղաքա­պետարանի համաֆինանսավորմամբ սոցիալական աջակցություն է ցուցաբերում խոցելի խմբի տարեցներին և երեխաներին։

Նախարարի տեղակալը նշեց, որ, ցավոք, այսօր Հայաստանում խնամքի կարիք ունեցող շատ տարեցներ համայնքներում ծառայությունների սակավության կամ բացակայության պատճառով իրենց ծերությունն անցկացնում են հատուկ հաստատություններում։ Զարուհի Բաթոյանը կարևորեց ոլորտում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը․ տարեցները պետք է հնարավորություն ունենան իրենց արժանապատիվ ծերության իրավունքն իրացնել հենց իրենց համայանքում։

«Դեռ 1990-ական թվականներից սկսած դուք մարդասիրական գործունեություն եք ծավալում Հայաստանում և աջակցություն ցուցաբերում հասարակության խոցելի խմբերին։ Ձեր ծրագրերը մինչ օրս էլ շարունակվում են գործել մեր երկրում՝ աջակցելով սոցիալական ամենախոցելի երկու խմբերին՝ սոցիալապես անապահով և միայնակ տարեցներին ու անապահով, հատուկ ռիսկի խմբի երեխաներին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մարդասիրական այս վարքագծի համար։ Մեզ համար նաև կարևոր կլինի ծանոթանալ Գերմանիայում սոցիալական ապահովության ոլորտում կատարված աշխատանքների փորձին և դրանց հաջողված օրինակները կիրառել նաև Հայաստանում»,- նշել է Զարուհի Բաթոյանը։

Խոսելով Գերմանիայում սոցիալական ապահովության մասին՝ նահանգապետ Կլաուս Պավելը նշեց, որ փորձի փոխանակման առումով Գերմանիան կարող է օրինակ ծառայել, սակայն միևնույն ժամանակ ոլորտի գործառույթներն իրենց մոտ ևս կատարյալ չեն։

«Գերմանիայում սոցիալական ապահովության ոլորտը կարելի է ասել զարգացած է, սակայն այն հեռու է կատարյալ կոչվելուց։ Սա այն ոլորտն է, որտեղ մշտապես առաջադիմելու կարիք կա։ Իհարկե, փորձի փոխանակումը կարևոր է բոլոր դեպքերում։ Պետք է նշեմ նաև, որ Հայաստանն ունի զարգացման մեծ կապիտալ՝ հանձին տեղի երիտասարդության։ Եվ մենք հուսով ենք, որ նաև նրանց աշխատանքի շնորհիվ սոցիալական ապահովության ոլորտում ևս հաջողություններ կարձանագրեք»,- նշել է նահանգապետ Կլաուս Պավելը։

Հանդիպման ավարտին նահանգապետը նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանին և նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գալստյանին մատուցեց գեղեցիկ անակնկալ՝ տալով խորհրդանշական նվերներ։

ԿԻՍՎԵԼ