Մեկնարկել է «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» խորագրով երկօրյա համաժողովը

Այսօր Երևանում մեկնարկել է «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» խորագրով երկօրյա համաժողովը, որը 2017 թ.-ին Հայաստանի՝ «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությանը միանալուց հետո Հայաստանում երեխաների հանդեպ բռնության հարցին նվիրված բարձր մակարդակի առաջին նշանակալի միջոցառումն է։ Համաժողովի բացման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

Հայաստանը, միանալով «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությանը որպես ուղենշող երկիր, պարտավորվել է 3-5 տարիների ընթացքում գործնական քայլեր իրականացնել խնդրի լուծման ուղղությամբ։ Ներկայումս ՀՀ կառավարությունը մշակում է այդ ճանապարհային քարտեզը, որը համաժողովի հիմնական թեման է: «Դարձնե՛նք տեսանելի անտեսանելին» նշանաբանով այս միջոցառման ուշադրության կենտրոնում բռնությունն է և դրա կործանարար հետևանքները:

«Երեխաներից լավ ոչ ոք չի կարող պատմել, թե ինչ է երեխաների նկատմամբ բռնությունը և ինչ հետևանքներ կարող է ունենալ այն։ Մենք պարտավորություն ունենք ապաստարաններ, աջակցող կենտրոններ և այլ ենթակառուցվածքներ ստեղծելու, սակայն դա անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։ Անհամեմատ ավելի կաևոր է բռնությունը կանխարգելելը։ Ու այս համատեքստում կարևոր է յուրքանչյուրիս ներդրումը. մենք պետք է ուշադիր լինենք, թե ինչ ենք խոսում մեր երեխաների հետ, ինչպես ենք վերաբերվում նրանց, լինենք օրինակն այն հասարակության, որտեղ երեխաները պաշտպանված են բռնությունից»,- իր ողջույնի խոսքում նշել է նախարար Մանե Թանդիլյանը։

Համաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար տկն. Աֆշան Խանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Բռնությունն ընտրություն է, և այն հնարավոր է կանխարգելել: Երեխաների հանդեպ բռնությունը հաճախ արդարացվում է որպես անհրաժեշտ կամ անխուսափելի երևույթ, սակայն այստեղ միայն մեկ կարծիք կա՝ երեխաների հանդեպ բռնությունը իրավունքի խախտում է, որը պահանջում է համապարփակ պատասխան»,- Իր խոսքում նշեց առաջին անգամ Հայաստան այցելած տկն․ Աֆշան Խանը՝: «Բռնության դեպքերի բացահայտման և լուծման համակարգի կարողությունների նշանակալի բացերը կարելի է հաջողությամբ լրացնել միմիայն երեխաների հանդեպ բռնության վաղ բացահայտմանը, կանխարգելմանն ու արձագանքին ուղղված միջճյուղային համագործակցությունն ու համակարգումն ամրապնդելու ճանապարհով»:

Հայաստանում երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ վերջին տվյալները ցույց են տալիս, որ 1-14 տարեկան երեխաների շրջանում ֆիզիկական կամ հոգեբանական բռնության ենթարկվել է 10 երեխայից 7-ը: Երեխաների 65%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, իսկ 38%-ը՝ որևէ տեսակի մարմնական պատժի։ Մեկից երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ:

Կազմակերպիչները համոզված են՝ համաժողովը քայլ է ամրապնդելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ցանկացած բռնությունից յուրաքանչյուր երեխայի պաշտպանված լինելն ապահովելու գործում՝ Երեխայի իրավունքների կոնվենցիային և Կայուն զարգացման նպատակ 16.2-ին համապատասխան, որոնք անդրադառնում են երեխաների չարաշահման, շահագործման, թրաֆիքինգի և բռնության ու խոշտանգման բոլոր ձևերի վերացմանը:

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը՝ սեպտեմբերի 27-ին։ Երկրորդ աշխատանքային օրվա ընթացքում երեխաների հանդեպ բռնությանն առնչվող առաջնահերթությունների և հետագա քայլերի մասին ելույթ կունենա նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը։

ԿԻՍՎԵԼ