ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանի մամուլի ասուլիսը` նվիրված նախարարության 2012թ. գերակա խնդիրներին:

Գերակայությունները երեքն են` բազմաստիճան կենսաթոշակային համակարգի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքների ներդրում, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման իրավական, տեխնիկատնտեսական հիմքերի ստեղծում, ՀՀ–ում երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակում:

Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մասին, նախարարը նշեց.-“Կենսաթոշակային համակարգի թերությունները ստիպեցին, որպեսզի ստեղծենք մի համակարգ, որը կբացառի այդ թերությունները և հետագայում մեզ կօգնի ճշգրիտ աշխատել:

Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կենսունակությունն ապահովելու համար նախ պետք է դրա ենթակառուցվածքները ներդնել: 2011թ. ստեղծվել է էլեկտրոնային կենսաթոշակային միասնական տեղեկատվական համակարգ, ուր կներառվի  տարածքային 51 ծառայությունների բազաների ճշգրտված տեղեկատվությունը, ինչը հնարավորություն կտա բացառել  “մեռած հոգիների” առկայությունը: Այսինքն,  մահացած կենսաթոշակառուի մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնից նախարարությունն առցանց կստանա այդ տվյալը և արդեն հաջորդ ամիս կդադարեցնի կենսաթոշակի վճարումը: Նույնը կկատարվի, երբ քաղաքացին հատի  սահմանը: Վերադառնալու մասին տեղեկատվությունը ևս առցանց կփոխանցվի և կենսաթոշակառուն առանց որևէ արգելքի կենսաթոշակ կստանա նաև բացթողնված ամիսների դիմաց (օրենքով սահմանված ժամկետների սահմաններում): Կենսաթոշակների նշանակման, հաշվարկման և վճարման գործընթացներում հնարավորինս նվազեցվել է շփումը պաշտոնյաների հետ: Կենսաթոշակառուի տվյալները մուտքագրվում են, և համակարգիչն է որոշում կենսաթոշակի տեսակը և չափը:

Ներկայումս կա գրանցված 509 հազար կենսաթոշակառու:

  1. Այս տարին բեկումնային կլինի սոցիալական ծառայությունների  համար: Ծառայությունների որակի բարձրացում, քաշքշուկների վերացում, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացում. այս խնդիրներն են, որոնց լուծում տալու նպատակով մինչև տարեվերջ հանրապետությունում կստեղծվեն միասնական ընդունարանով 15 ինտեգրված սոցիալական ծառայություններ:

Պարոն Գրիգորյանը նշեց, որ առանձնակի կարևորություն է տրվում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը: “Պետք են մարդիկ, որոնք մտնեն ընտանիք, գնահատեն ընտանիքի կարիքները, համալիր աջակցություն ցուցաբերեն: Մարդը չպետք է թակի բոլոր ծառայությունների դռները, տեղեկանքներ հավաքի, սպասի, արդյոք իր հարցերը կլուծվեն, թե ոչ: Նա պետք է դիմի մեկ ծառայություն և ներկայացնի իր խնդիրը: Դրանից հետո սոցիալական աշխատողը պիտի զբաղվի այդ ընտանիքի հարցով, հարակից տեղեկատվական բազաներից ստանա անհրաժեշտ ողջ ինֆորմացիան և տվյալ քաղաքացուն կամ նրա ընտանիքին աջակցելու  լուծումներ առաջարկի: Իսկ աջակցության ֆինանսական (ընտանեկան նպաստ, կենսաթոշակ, հաշմանդամության կենսաթոշակ, երեխայի միանվագ և խնամքի նպաստներ այլն) վճարումները կկատարվեն մեկ տեղից:

  1. Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր: Նախարարությունն ուսումնասիրել է խնամքի պետական հաստատություններում գտնվող երեխաների ընտանիքների վիճակը, պարզելու` ովքե՞ր են այդ երեխաները, հնարավո՞ր է, արդյոք, նրանց վերադարձնել կենսաբանական ընտանիք: 2011թ. Երևանի “Զատիկ” մանկատունը վերակազմակերպվեց երեխաների աջակցության ցերեկային կենտրոնի: Հաստատությունում կմնան այն երեխաները, ովքեր անապահով ընտանիքից են, կամ անօթևաններ են: Անօթևաններն այստեղ կխնամվեն երեք ամիս, համակողմանի աջակցություն կստանան, քայլեր կձեռնարկվեն նրանց ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Այս տարի նման աշխատանքներ կկատարվեն  մյուս մանկատներում ևս: Հիմնական սկզբունքն է` դժվարացնել մուտքը մանկատներ, հեշտացնել ելքը, ինչպես նաև որդեգրման ընթացակարգը:

Նախարարը ներկայացրեց նաև հաշմանդամության ոլորտում կատարվելիք աշխատանքները և պատասխանեց լրագրողների հարցերին:

ԿԻՍՎԵԼ