150 հազար՝ 50-ի փոխարեն․ Կառավարությունը հաստատեց երկրորդ երեխայի միանվագ նպաստի նոր չափը

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվեց՝ հիսուն հազար դրամից դառնալով 150 հազար դրամ։

«Երեխաների ծնունդը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այս նախաձեռնությունը ուղերձ է մեր քաղաքացիներին, որ պետությունը կարևորում է երկրորդ երեխայի ծնունդը և սատարաում է նրան»,- ասաց Թանդիլյանը:

Օրենքի նախագծի ընդունումից հետո 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:

Ըստ վիճակագրական տվյալների 2014-2016 թթ. երկու կարգաթիվ ունեցող  նոր ծնված երեխայի թիվը հետևյալն է` 16 051, 15 850, 15 032:  2018 թ․-ի 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը կանխատեսվել է 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019 թ․ և հետագա տարիների համար` տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ:

Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018 թ․-ի համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:

ԿԻՍՎԵԼ