Նախարարը հանդիպել է ոլորտի ապագա մասնագետների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր Երևանի պետական համալսարանում էր։ Նախարարին հյուրընկալել էին ոլորտին ամենամոտ կանգնած մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ ապագա սոցիալական աշխատողները։

Նախարարը ողջունեց ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ` նշելով, որ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ բաժինը ռազմավարական նշանակություն ունի սոցիալական ոլորտի և սոցիալական ծառայությունների զարգացման գործում, ապա կոչ արեց հարգել ու գնահատել իրենց ընտրած մասնագիտությունը։

Մանե Թանդիլյանը ուսանողներին ներկայացրեց ոլորտում առկա հիմնական խնդիրները, խոսեց սոցիալական աշխատանքի օրենսդրական կարգավորման անհրաժեշտության և դաշտում աշխատողների մասնագիտական կրթության խնդիրների մասին։ Նա նշեց՝ ոլորտը նոր հայացքների, նոր մոտեցումների ու նոր տեսլականի կարիք ունի, իսկ մարդակենտրոն այս մասնագիտություն ստացող ուսանողները հենց այն գործընկերներն են, որ պետք են պետությանը դաշտը զարգացնելու համար։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեր երկրի հայելին է։ Մեր աշխատանքի արդյունքում է հաճախ մարդը որոշում որտեղ ապրել, ինչպես գործել։ Ու մեր աշխատանքի հիմնական գնահատողն էլ հենց այդ քաղաքացին է, ով դժվարին իրավիճակից դուրս գալու համար աջակցության կարիք ունի։ Այստեղ է, որ մենք պետք է միասնական թիմ դառնանք ՝ ճիշտ և հասցեական լուծումներ տալու մեր քաղաքացիների խնդիրներին»,- նշեց նախարար Մանե Թանդիլյանը։

Նախարարին ոլորտին առնչվող իրենց հարցերն ուղղեցին ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսական կազմի ներկայացուցիչները։ Ներկաներին հետաքրքրում էր ոլորտի բարեփոխումների վերաբերյալ նախարարի մոտեցումներն ու այն դերակատարությունը, որ կարող է ունենալ սոցիալական աշխատողի մասնագիտություն ընտրած այսօրվա և վաղվա շրջանավարտը։

«Ես ակնկալում եմ, որ դուք կլինեք ակտիվ ու անկաշկանդորեն կբարձրաձայնեք ձեր մոտեցումների մասին։ Ոչինչ քարացած չէ։  Ոլորտում աշխատողները ինձ հաճախ են պատասխանում՝ օրենքն այսպես է թելադրում։ Ես միշտ հիշեցնում եմ, որ այդ օրենք մշակողն էլ ենք մենք։ Մեր գործունեության հիմքում պետք է լինի մարդը։ Օրենքը միայն գործիք է, որ պետք է օգտագործենք ի նպաստ մարդու»,- նշեց Մանե Թանդիլյանը։

Ուսանողների հետ հանդիպումից հետո նախարարը նաև կարճ աշխատանքային քննարկում ունեցավ սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ բաժնի դասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։ Ներկաները քննարկեցին ոլորտին առնչվող խնդիրները, ԵՊՀ-ի և նախարարության համագործակցության դերը այդ խնդիրների լուծման գործում։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը հավաստիացրեց՝ ֆակուլտետը պատրաստ է առաջարկել իր փորձագիտական ողջ ներուժը՝ ի նպաստ սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների։ «Մեր ֆակուլտետի և նախարարության համագործակցությունը փոխշահավետ է և առաջիկայում վստահ եմ այդ գործընկերությունը ավելի արդյունավետ, ավելի ակտիվ ու առարկայական կդառնա»,- նշեց դեկանը։ Նախարարն էլ առաջարկեց լրամշակել նախկինում ստորագրված համագործակցության հուշագիրը՝ դարձնելով այն առավել բազմակողմանի և գործնական։

ԿԻՍՎԵԼ