Նոյեմբերյանում վերաբացվել է Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն օգոստոսի 24-ին մասնակցել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի՝ Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի հիմնանորոգված շենքի նորամուտի արարողությանը։

13 տարի է, ինչ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը գործունեություն է ծավալում պատմական այս շենքում։ Այս ժամանակահատվածում կենտրոնում երեխաների իրավունքների իրացմանն ու սոցիալական ներառմանն ուղղված կրթական, սոցիալ-հոգեբանական և մշակութային տարաբնույթ ծրագրեր են իրականացվել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 բնակավայրերի հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին այլ իրավիճակներում հայտնված ավելի քան 800 երեխաների և նրանց ընտանիքների համար:

Շնորհավորելով տավուշեցիներին կենտրոնի վերաբացման առիթով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը կարևորել է այն հանգամանքը, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաները հավասար մասնակցություն ունեն համայնքային կյանքին։

Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում, հաճախի իր բնակավայրին մոտ գտնվող դպրոց և որևէ պատճառով չմեկուսացվի։ Հաշմանդամություն ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունները պետք է լինեն համայնքահեն և ապակենտրոն, որպեսզի երեխաներն ու նրանց ընտանիքները աջակցություն ստանան հենց իրենց համայնքում,- իր խոսքում ընդգծել է Զարուհի Բաթոյանը։

Կարևորելով պետություն-հասարակական կազմակերպություն համագործակցությունը՝ Զարուհի Բաթոյանը նշել է, որ միայն պետական ռեսուրսներով նման ծրագրեր իրականացնել հնարավոր չէ ու իր երախտագիտությունն է հայտնել «Հույսի կամուրջին»՝ պետության այս կարևոր գործառույթի իրականացմանն անվերապահորեն աջակցելու համար։

Փոխնախարարը երեխաներին հորդորել է ակտիվորեն ներգրավվել համայնքային կյանքում, ստանալ լավ կրթություն, մասնակցել տարբեր կրթական ծրագրերի։ Բաթոյանը հույս է հայտնել, որ երեխաներից շատերին ապագայում կտեսնի որոշում կայացնողների շարքերում։

Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի շենքը «Հույսի կամուրջ» ՀԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է համայնքը։  Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

Բարեկարգ զարգացման կենտրոնը շարունակելու է ծառայություններ մատուցել Նոյեմբերյանի և հարակից բոլոր համայնքների երեխաներին:

ԿԻՍՎԵԼ