Նոր ծրագրի մեկնարկ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության պատասխանատու աշխատակիցների: Հանդիպման նպատակը “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավումը զբաղվածության խթանման միջոցով” ծրագրի ներկայացումն էր, որն իրականացնելու է “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպությունը` ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ:
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն հայտնեց սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական աջակցության համար և հույս հայտնեց, որ նոր ծրագրի իրականացումն էապես կնպասի հաշմանդամների խնդիրների լուծմանը:
“Վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության և նախարարության ուշադրության կենտրոնում: Նախարարությունը մեծ աշխատանք է տարել ինչպես օրենսդրական դաշտի կատարելագործման, այնպես էլ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, սակայն անելիքները շատ-շատ են: Պետական բյուջեի միջոցները դեռևս բավարար չեն լուծելու բոլոր խնդիրները, ուստի սա շատ լավ հնարավորություն է` հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցման, աշխատանքի տեղավորման, աշխատանքի միջոցով նրանց  կենսական խնդիրները լուծելու, հասարակության լիիրավ անդամներ դարձնելու համար”:
Նախարարի խնդրանքով հյուրերը ներկայացրեցին ծրագրի մանրամասները:
Այն իրականացվելու է 2012-14 թվականներին, Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում` “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության կողմից, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության, զբաղվածության տարածքային կենտրոնների, տեղական և մարզային իշխանությունների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների սերտ համագործակցությամբ: Ծրագրի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հավասար հնարավորություններ և աշխատանքի մատչելիություն ապահովելն է` որպես մարդու հիմնարար իրավունք, ռազմավարական խնդիրը` Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ծառայություններով ապահովելու արդյունավետ մոդելի ստեղծումը:
Մասնավորապես` նախատեսվում է 620 հաշմանդամություն ունեցող անձանց միջին մասնագիտական կամ արհեստագործական կրթության հնարավորություն, 400-ի զբաղվածության  ապահովում, անհատական խորհրդատվություններ, մասնագիտական վերապատրաստումներ ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների համար:
Իրականացման ընթացքում ակնկալվում է չորս միջանկյալ արդյունք. ա)հաշմանդամություն ունեցող անձանց անհատական զարգացում` կարիքների գնահատման, հմտությունների բարելավման և աշխատանքի տեղավորման միջոցով, բ)ծառայություններ մատուցողների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացում, գ)տեխնիկական աջակցություն ՀՀ կառավարությանը` ծառայությունների տրամադրման, իրականացման, մոնիթորինգի, ինչպես նաև ռազմավարության և քաղաքականության մշակման գործում, դ) հանրային իրազեկում:
Ամփոփելով հանդիպման արդյունքները, պարոն Գրիգորյանն ասաց,-“Մենք մեծ գործի սկիզբ ենք դնում: Ծրագիրը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում: Ծրագրի ավարտին պետք է հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում ունենանք   շոշափելի, տեսանելի արդյունք: Կարևորում եմ նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մոդելի ստեղծումը, ծառայություններ մատուցողների կարողությունների հզորացումը”:
Նախարարն առաջարկեց հրավիրել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ և հանգամանորեն ներկայացնելը ծրագիրը, ինչպես նաև գործընթացների թափանցիկությունն ապահովելու նպատակով լայնորեն լուսաբանել  ծրագրի իրականացման ողջ ընթացքը:

ԿԻՍՎԵԼ