Նախարարն ընդունել է «ՀայՓոստ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և Սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանն ընդունել են «ՀայՓոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նախագահ, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին և «ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր խորհրդի անդամ, գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանին։

Կողմերը քննարկել են կառույցների համագործակցության շրջանակում ծագող խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, ինչպես նաև համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

Նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ «ՀայՓոստ»-ը նախարարության համար կարևորագույն գործընկեր է և հիշեցրեց, որ նախարար նշանակվելուց հետո ստացած առաջին բողոքները հենց «ՀայՓոստ»-ի ծառայությանն են վերաբերվել։ «Նպաստառուներն ու թոշակառուները մեր հանրության թերևս ամենախոցելի խմբերն են ու նրանց առնչվող խնդիրները օր առաջ լուծման կարիք ունեն։ Ծառայություններին վերաբերող որակական ու տեխնիկական հարցադրումների մեծ մասը դուրս է նախարարության կարգավորման շրջանակից, ուստի խնդիրների ամբողջական լուծման համար պետք է համատեղենք մեր ջանքերը»,- նշել է նախարար Մանե Թանդիլյանը։

«ՀայՓոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը նշեց, որ «ՀայՓոստ»-ի և նախարարության սկզբունքներն այս հարցում նույնական են։ Նրա խոսքերով՝ քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրները նոր չեն, և «ՀայՓոստ»-ը միշտ էլ բարձրաձայնել է այդ մասին, սակայն պետության և իրավապահ մարմինների կողմից խնդիրը բավարար ուշադրության չի արժանացել։ Խուան Պաբլո Գեչիջյանը նշեց նաև վերջին շրջանում բացահայտված խախտումների մասին որոնց փաստական հիմքը իրավապահներին տրամադրել է հենց «ՀայՓոստ»-ը։

«ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր խորհրդի անդամ, գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանը մանրամասնեց, որ «ՀայՓոստ»-ի ծառայությունների մատուցման շրջանակում հնից եկած շատ ոչ ցանկալի ավանդույթներ շարունակվում են ոչ միայն փոստային աշխատողների, այլև հենց շահառուների կողմից։ Մեր ներքին վերահոսկողության միջոցառումների շրջանակում ավելի քան 800 աշխատակից է աշխատանքից ազատվել միայն սոցիալական վճարումների ծառայությունների իրականացման ընթացքում արված խախտումների համար, միաժամանկ պետք է նշել, որ ծառայությունների ընթացքում գումարների գանձումների մասին քաղաքացու առաջին պաշտոնական ահազանգը գրանցվել է միայն հեղափոխությունից հետո։

«Մեր կազմակերպության ներքին վերահսկողության համակարգը, ինչպես նաև 250-ից ավելի գրասենյակներում տեսախցիկների առկայությունը զգալի նվազեցրել են նմանօրինակ չարաշահումների հնարավորությունը, սակայն այն ընդհանրապես բացառելու համար անհրաժեշտ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՀայՓոստ»-ի ինտենսիվ համագործակցությունը»,- նշեց Արայիկ Աբրահամյանը։

Նախարար Թանդիլյանը հավաստիացրեց, որ այսուհետ նախարարության թեժ գծով «ՀայՓոստ»-ին առնչվող բոլոր բողոքները կփոխանցվեն նաև «ՀայՓոստ»-ին՝ սեղմ ժամկետներում խնդիրներին հասցեական լուծում տալու նպատակով։

Կողմերը քննարկեցին նաև ոլորտային համագործակցությանն առնչվող այլ հարցեր՝ պայմանավորվելով առաջիկա աշխատանքային քննարկումների շրջանակում քննարկել համագործակցության զարգացման հնարավոր օրակարգն ու դրա իրագործման մեխանիզմները։

ԿԻՍՎԵԼ