2009թ. փետրվարի 9-13-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի կունենա Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ եվրոպական տարածաշրջանային ութերորդ խորհրդակցությունը

2009թ. փետրվարի 9-13-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի կունենա Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ եվրոպական տարածաշրջանային ութերորդ խորհրդակցությունը:
Չորս տարին մեկ տեղի ունեցող միջոցառումը նվիրված է աշխատանքի ոլորտի վրա գլոբալ ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը:
Խորհրդակցությանը մասնակցում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի` ԱՄԿ-ի անդամներ հանդիսացող 51 պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ, աշխատավորներ, գործատուներ: Այն աշխատանքի և զբաղվածության ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերներին ուղղված քաղաքական գործուղությունների առանձնահատուկ հնարավորություն է:
Խորհրդակցության շրջանակներում տեղի կունենան վարչապետների հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն համալիր միջոցառումներ: Հանդիպումների ընթացքում ելույթներ կունենան Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեշը, Մոլդովայի վարչապետ Զինաիդա Գրեչնայան, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը, Չեխիայի վարչապետի տեղակալ Ալեքսանդր Վոնդրան: Քննարկումները կանցկացվեն ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Խուան Սոմավիայի նախագահությամբ:
Հատուկ նստաշրջանների ընթացքում նախարարներն ու պատվիրակության ղեկավարները սոցիալական գործընկերների հետ կքննարկեն զբաղվածության, աշխատաշուկայի և սոցիալական մյուս ոլորտներում ճգնաժամի բացասական հետևանքները մեղմելու ուղիներն ու մեթոդները:
Քննարկումների հիմքում ԱՄԿ-ի կողմից պատրաստված հատուկ զեկույցի դրույթներն ու եզրակացություններն են: Զեկույցում մանրամասն ներկայացված են տարածաշրջանում իրականացվող միջոցառումները, ինչպես նաև ճգնաժամը հաղթահարելու համալիր մոտեցումները, որոնց հիմքում դրված է արժանապատիվ աշխատանքի հայեցակարգը:
Բացի դրանից, Խուան Սոմավիան հանդիպումների ընթացքում կներկայացնի երկու զեկույց` նվիրված եվրոպական տարածաշրջանում արժանապատիվ աշխատանքին: «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում արժանապատիվ աշխատանքի ապահովումը» վերնագրով զեկույցում ներկայացվում է, թե ինչպես են տնտեսական աճի տարբեր միտումներն ու արտադրողականությունն ազդել տարածաշրջանում զբաղվածության, կյանքի պայմանների ու աշխատանքի վրա: Հեղինակները ձևակերպել են հիմնական խնդիրները և առաջարկել դրանց հաղթահարման ուղիները: «Արժանապատիվ աշխատանքի ոլորտում արդյունքների հասնելու ճանապարհին. 2005-2008թթ. ԱՄԿ-ի աշխատանքների վերլուծություն» զեկույցում թվարկված են կոնկրետ գործողություններ, որոնք իրականացնում են երկրներն արժանապատիվ աշխատանք ապահովելու համար:
Հինգ օր տևող հանդիպումների ընթացքում կանցկացվեն յոթ կլոր սեղաններ` աշխատանքի հարցերի լայն սպեկտրի վերաբերյալ: Այդ թվում` տարածաշրջանում տնտեսական իրավիճակ և զբաղվածություն, աշխատաշուկայի ճկունություն ու երաշխիքներ, աշխատավարձի քաղաքականություն, սոցիալական երկխոսություն, ընտանեկան և աշխատանքային պարտականությունների համատեղման ոլորտի քաղաքականություն, սոցիալական պաշտպանություն և աշխատանքի ոլորտի հիմնարար իրավունքներ:
Խորհրդակցությանը մասնակցում է ՀՀ պատվիրակությունը: Փետրվարի 10-ին պատվիրակության ղեկավար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը հանդես կգա ելույթով: Տեղի կունենա նաև նախարարի հանդիպումը ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:

ԿԻՍՎԵԼ