Ներառական լողափ Սևանի ափին

Հուլիսի 28-ին Սևանի ափին գործարկվել է ներառական առագաստանավային կենտրոն։ Մատչելի լողափի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը։

Կենտրոնը տեղակայված է Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում՝ «Հայկական ճամբար» կազմակերպության ճամբարի տարածքում։ Նախագիծն իրականացվել է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից՝ «Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ-ի (Ռուսաստան) հետ համատեղ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Երևանի գիտության ու կրթության ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ:

«Ռոսատոմի առանցքային արժեքը և գլխավոր կապիտալը մարդն է։ Ընկերությունը ոչ միայն զարգացնում և ներդնում է նոր տեխնոլոգիաներ, այլև նպաստում է էներգիայի ստեղծմանը։ Մեզ համար չափազանց կարևոր և հոգեհարազատ են այն նախագծերը, որոնք ի զորու են ստեղծել ամենաարժեքավոր էներգիան՝ կյանքի էներգիան։ Այդ իսկ պատճառով Ռոսատոմն աջակցում է մարդկանց կյանքի որակը բարձրացնող նախագծերին,- իր ողջույնի խոսքում նշեց «Ռուսատոմ֊Սերվիս» ընկերության նախագծերի կառավարման տնօրենի տեղակալ, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը։

Նախաձեռնության հեղինակների հրավերով միջոցառմանը մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ ատարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, Գեղարքունիքի մարզպետարանից։ Խորհրդանշական կապույտ երիզը կտրողները հաշմանդամություն ունեցող անձինք էին։

«Այս կենտրոնը հրաշալի օրինակ է ցույց տալու, որ հանրությանը մատուցվող ծառայություններն ու ենթակառուցվածքները իրապես կարող են լինել մատչելի։ Սա մեր երկրի որդեգրած քաղաքականությունն է, ու շահագրգիռ բոլոր կառույցները պետք է համատեղ աշխատեն, որ այդ քաղաքականությունը չմնա թղթի վրա, այլ դառնա իրականություն, որը հասանելի կլինի մեր երկրի բոլոր անկյուններում»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը։

Լողափը հագեցված է տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար անհրաժեշտ ենթակառուցվածներով և գույքով: Տարածքն ունի մատչելի սանհանգույց-լոգարան, դեպի ափ տանող ճանապարհ-ուղիներ, հարմարեցված ժամանակակից նավամատույց, լողափնյա հանդերձարան, ջրային հատուկ լողագույք և մարզագույք: Կենտրոնում հասանելի են ջրային ներառական վարժանքների մի քանի տեսակներ՝ առագաստային սպորտ, թիավարում, ֆրիդայվինգ, ներառական զբոսանավային շրջագայություն։

«Մենք աշխատում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, որոնցից շատերը զբաղվում են ջրային տարբեր մարզաձևերով և, ընդհանուր առմամբ, ապրում են ակտիվ կյանքով: Նրանց համար շատ կարևոր է ինքնուրույն հասնել ջրին, զգեստափոխվել, լողալ և արևայրուք ընդունել: Կենտրոնը հատուկ սարքերի ու ենթակառուցվածքների   շնորհիվ տրամադրում է նման հնարավորություն»,- նշում է Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը։

«Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ տնօրեն, «Ոգու առագաստներ» զբասանավային շուրջերկրյա ճանապարհորդության ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը Հայաստան առաջին անգամ եկել է  երեք տարի առաջ՝ միջազգային ներառական ճամբարի շրջանակում։ Ծանոթանալով տարածքին ու միջավայրին՝ որոշել էր զարգացնել  հայաստանյան գործընկերների հետ համագործակցությունը։ Հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատկությունը կարող է և պետք ներկայացվի ոչ թե որպես սահմանափակում, այլ՝ առավելություն։ Վստահ եմ որ այս ճամբարում այդ գործընթացն ապահովված է. մարդկային ռեսուրսը կա, գիտելիքն ու ցանկությունը՝ ևս, իսկ հիմա նաև առկա են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները,- նշում է Օլեգ Կոլպաշչիկովը։

Լողափի առաջին խմբային հյուրերն արդեն ճանապարհին են. ընդամենը մի քանի օրից այստեղ կմեկնարկի Արցախի վերականգնողական կենտրոնի ճամբարը։ Ապագայի ծրագրեր ունեն նաև նախաձեռնողները. սեպտեմբերին կայանալիք միջազգային սպորտային ներառական ճամբարի մասնակցության հրավեր ստացավ նաև նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը։

ԿԻՍՎԵԼ