Մամլո ասուլիս

2009թ հունվարի 26-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված էր մամլո ասուլիս «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության 2008 թվականի զբաղվածության ծրագրերի արդյունքները և ՀՀ աշխատաշուկան 2009-ի հունվարին» թեմայով ԶՊԾԳ պետ Սոնա Հարությունյանի մասնակցությամբ:
Զբաղվածության կարգավորման 2008թ. պետական ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում.
2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում խորհրդատվություն են ստացել 145900 անձ, նրանցից որպես աշխատանք փնտրող հաշվառվել են 90244-ը (որը նախորդ տարվա համեմատ աճել է 1,0%-ով), 74698-ը (կանանց տեսակարար կշիռը կազմում է 75.5%) ստացել է գործազուրկի կարգավիճակ: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 8657 մարդ (նախատեսված թիվը գերազանցվել է 3,1%-ով): Հանրապետությունում դեկտեմբերի 31-ի դրությամբ գործազրկության մակարդակը կազմել է 6.3%, տարեսկզբի 6.7%-ի փոխարեն: Գործատուների կողմից ստացված թափուր աշխատատեղերի հայտերի ամսական միջինը կազմել է 1400:

  • Զբաղվածության ծրագրերում ընդգրկվածների ցուցանիշը կազմել է աշխատանք փնտրողների 43.5%-ը,
  • Աշխատաշուկայում անմրցունակ անձանցից աշխատանքի է տեղավորվել շուրջ 187 անձ,
  • Աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման նպատակով ՀՀ-ում երկու փուլով «Գործատուի հարցաթերթիկ»-ով 6700 գործատուների մոտ ընտրանքային հետազոտության առաջին փուլի արդյունքում պարզվել է, որ 2008թ. առաջին կիսամյակի ընթացքում ստեղծվել է 9329 աշխատեղ և հետագա 6-12 ամիսներին կանխատեսվել է 6361 նոր աշխատատեղի ստեղծում:
  • Կազմակերպվել է թվով 4 աշխատանքի տոնավաճառ` Երևան, Աբովյան, Գորիս, Գյումրի քաղաքներում և բացվել են 3 աշխատանքի ակումբներ` Երևան Գորիս և Աբովյան քաղաքներում: Զբաղվածության կենտրոններից ստացված տեղեկությունների համաձայն, կազմակերպված տոնավաճառների արդյունքում վերջին երեք ամիսներում աշխատանքի է տեղավորվել 161 աշխատանք փնտրող:
  • Զբաղվածության տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թիվը աճել է 20%-ով (15000 համագործակցող գործատուների թիվը ավելացել է ևս 3000-ով), սակայն դեռևս առաջնային նպատակ է մնում խոշոր գործատուների հետ համագործակցության ընդլայնման խնդիրը:

Արդյունքում, զբաղվածության պետական ծրագրերի կատարման մակարդակը զգալիորեն բարձրացավ և տարեվերջին ծրագրում կատարված հոդվածային փոփոխությունների և ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրված լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ ապահովվեց 127.2% կատարողական:
Զբաղվածության ծրագրեր.
Տարեսկզբից գործազրկության նպաստի ստացման իրավունք է ձեռք բերել շուրջ 21043 գործազուրկ` նախորդ տարվա 18417-ի փոխարեն:
Մասնագիտական ուսուցման կազմակերպում ծրագրի շրջանակներում 2008թ.-ին ընդհանուր հաշվով զբաղվածության ամենամյա ծրագրով նախատեսված 1426 անձի (159,5 մլն դրամ) փոխարեն մասնագիտական ուսուցման ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքվել 1430 անձի համար (169,7 մլն դրամ): Ծրագիրը կատարվել է 100,3%-ով: 2007-2008թ.–ին մասնագիտական ուսուցումն ավարտած 2071 անձանցից աշխատանքի է տեղավորվել 959-ը:
Աշխատանքի տեղավորման գործընթացը շարունակվում է:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով նախատեսված 120-ի փոխարեն հաշվետու ժամանակահատվածում ընդգրկվել է 167 անձ, որից 63-ը հաշմանդամ: 2007-ից մինչ այժմ ընթացքի մեջ է 181 ծրագիր:
«Վարձատրվող հասարակական աշխատանքներ»-ի կազմակերպում ծրագրում ընդգրկվել է 282 համայնք (որից 28-ը քաղաքային, 254-ը գյուղական) նախորդ տարվա 290-ի փոխարեն: Իրականացվել է 439 ծրագիր: Ծրագրում ընդգրկված անձանց թիվը կազմել է 7006, նախորդ տարվա 9083-ի փոխարեն: Ծրագրում ընդգրկվածների թվի նվազումը բացատրվում է այն հանգամանքով, որ 2008թ.-ին ծրագրում ընդգրկվածների օրավարձի չափը ավելացել է (1400-ի փոխարեն 2000դրամ, 2009-ին այն կդառնա 2400դրամ), սակայն նույնն է մնացել ծրագրի իրականացման համար հատկացված գումարի չափը (700,0 մլն դրամ):
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման» ծրագրի` գործազուրկներին այլ վայր աշխատանքի գործուղման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգում ընթացիկ տարում փոփոխություններ կատարելուց հետո 7 գործազուրկ գործուղվել է այլ բնակավայրեր աշխատանքի:
«Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին պետական աջակցություն» ծրագրով ֆինանսական աջակցություն է տրամադրվել 51 գործազուրկի և 13 հաշմանդամի: Նախատեսված 80 ծրագրի փոխարեն իրականացվել է 64 ծրագիր: Ծրագրի իրականացման կարգն ու պայմանները ենթակա են փոփոխման:
Ծրագրի իրականացման կարգն ու պայմանները ենթակա են վերանայման:
Գյուղական աշխատուժի, հատկապես երիտասարդների զբաղվածության սահմանումը շարունակում է մնալ ոլորտի չլուծված խնդիրների շարքում: Այդ նպատակով իրականացվել է ՙԱշխատուժի ուսումնասիրություն գյուղական համայնքներում՚, որի արդյունքները առաջիկայում կտրամադրվի նաև շահագրգիռ գերատեսչություններին:
Զբաղվածության կենտրոնների կողմից ժամկետից շուտ կենսաթոշակի առաջարկ է ստացել 90 անձ:
«Գործ» տեղեկատվական համակարգը ներդրվել է ԶՊԾԳ համակարգում և գործում է:
Միջազգային համագործակցություն.
Շարունակվում է ՀԲ-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարում» ծրագրի «Աշխատանք և զբաղվածություն» բաղադրիչը ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը, Հայ-շվեդա-լիտվական «Աջակցություն Հայաստանի իշխանություններին` բարելավելու աշխատաշուկայի ակտիվ քաղաքականությունը» ծրագիրը, շարունակվել է համագործակցությունը ETF-ի, ԱՄԿ-ի, ՄԱԿ-ի, Գերմանական DVV/IL կազմակերպությունների հետ:
Չնայած իրականացված միջոցառումներին ոլորտի համար դեռևս խնդիր է.

  • զբաղվածության օրենսդրության փոփոխության անհրաժեշտությունը, նոր ծրագրերի ներդրումը
  • գյուղական համայնքներում երիտասարդության զբաղվածությունը
  • աշխատուժի արտաքին տեղաշարժի կարգավորումը:

Կապված գլոբալ տնտեսական ճգնաժամի հետ հանրապետությունում տարեվերջի դրությամբ արձանագրվել են աշխատանքից ազատումներ, այդ թվում զանգվածային: Այս իրավիճակը առավել արտահայտված է Լոռու և Սյունիքի մարզերում, կապված հանքաարդյունաբերության ծավալների նվազման հետ: 20.01.09-ը դրությամբ հանրապետությունում կրճատվել է 414 անձ, 1603-ը ստացել է աշխատանքից ազատվելու ծանուցում, 1069-ը ազատվել են սեփական դիմումի կամ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ: Ալավերդու «Արմենիան Քոփր Փրոգրամ» ՓԲԸ-ում կրճատվել է 84 անձ, «ԱրմենՏել» ՓԲԸ-ում` 82 անձ, Երևանի գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնում – 180 անձ, «Լայքս» ՓԲԸ-ում նախատեսվում է կրճատել 213 աշխատակից:
23.01.09 տվյալներով աշխատանք փնտրողների թվաքանակը աճել է Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում: ՀՀ-ում աշխատանք փնտրողների թվաքանակը կազմում է շուրջ 90.5 հազար մարդ, գործազուրկի կարգավիճակ ստացել է շուրջ 75.0 հազար մարդ:
Աշխատաշուկայի իրավիճակի վրա էականորեն կազդի նաև «2009թ. պետական նպաստների չափերը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 15.01.09թ 39-Ն որոշմամբ որոշակի խմբերի անձանց անապահովության միավորի փոփոխումը, մասնավորապես` 35 տարվա ապահովագրական ստաժ ունեցող և կենսաթոշակի իրավունք ստանալուն մինչև 5 տարի մնացած /համակարգում գրանցվում են որպես անմրցունակ գործազուրկ/ անձանց անապահովության միավորը սահմանվել է 28, և 18 տարին լրացած սոցիալական խումբ չունեցող անձանց անապահովության միավորը սահմանվել է 18, որը առիթ կհանդիսանա նշված խմբի անձանց զբաղվածության կենտրոններում հաշվառվելու և ակտիվ աշխատանք փնտրող լինելու համար:

ԿԻՍՎԵԼ