Կանանց հզորացումը միայն կանանց համար չէ. Զարուհի Բաթոյան

Հուլիսի 26-ին «Startup Armenia» գիտակրթական հիմնադրամի հրավերով Sevan Startup Summit-ի հյուրն էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը։ Գործարար կանանց, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչների հետ փոխնախարարը մասնակցել է «Կանանց ձեռներեցություն և հզորացում․ հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով կլոր-սեղան քննարկմանը։

«Կանանց հզորացումը միայն կանանց համար չէ։ Այն բխում է նաև տղամարդկանց շահերից։ Կարծում եմ՝ պետք է նրանց ներգրավել որպես համախոհներ։ Նման հարթակները պետք է ներառական լինեն։ Քննարկումներին պետք է մասնակցեն և կանայք, և տղամարդիկ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Քանի դեռ չկա կանանց հզորացման բնականոն գործընթաց, կարիք ունենք խթանելու»,- ասել է Զարուհի Բաթոյանը։

Քննարկման ժամանակ կանանց հզորացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ են վերհանվել՝ ընտանիքից մինչև հասարակություն։ Բանախոսներն ընդգծել են, որ կախված երկրի մշակութային առանձնահատկություններից խնդիրները կարող են տարբեր կերպ դրսևորվել, սակայն մի բան հստակ է՝ կանայք չպետք է ենթարկվեն խտրականության որևէ ոլորտում, նրանք պետք է ունենան հավասար հնարավորություններ զբաղվելու համար իրենց սիրելի աշխատանքով, այդ թվում՝ բիզնես գործունեությամբ։

 

 

 

ԿԻՍՎԵԼ