Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերին: Հանդիպման նպատակը Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված «Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի» երեք բաղադրիչներով իրականացված աշխատանքների ամփոփումը և համագործակցության նոր ուղիների նախանշումն էր:
Նախարարը գոհունակություն հայտնեց երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտի բարեփոխումների, մասնավորապես` քաղաքականության մշակման, համապատասխան հաստատությունների կարողությունների զարգացման, տեղեկատվական համակարգերի ստեղծման և հանրային իրազեկման գործընթացներում հանձնաժողովի ցուցաբերած աջակցության վերաբերյալ:
Ծրագրի երկրորդ բաղադրիչը մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն են, որոնց ուղղությամբ, ըստ նախարարի, կա ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն: Խոսքը վերաբերվում է աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման մեխանիզմների արդյունավետության բարձրացման, աշխատաշուկայի պահանջարկի հստակ սահմանման, զբաղմունքների դասակարգիչների մշակման և դրանից բխող մասնագիտությունների բնութագրիչների կազմման աշխատանքներին: Ըստ նախարարի` միայն այս երեք մակարդակները բավարար իրացնելու դեպքում հնարավոր կլինի մշակել աշխատաշուկայի պահանջները բավարարող կրթական չափորոշիչներ:
Պարոն Համբարձումյանը նշեց, որ ակնկալում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխման, Եվրոպական սոցիալական խարտիայի նոր դրույթների ընդունման, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարության մշակման և մի շարք այլ խնդիրների լուծման գործընթացում հանձնաժողովի օժանդակության հարցը:
Պարոն Լյուցենբերգերը բարձր գնահատեց ծրագրի բոլոր բաղադրիչներով կատարված գործողությունները և վստահեցրեց, որ նախարարի կողմից բարձրացված բոլոր հարցերը հնարավոր է լուծել եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ինստիտու?իոնալ հզորացմանն ուղղված «Թայեքս» և «Թվիննինգ» համակարգերի միջոցով: Նա տեղեկացրեց, որ մոտ ապագայում տարբեր ոլորտների խորհրդատուների խումբ է ժամանելու Հայաստան, որոնց կազմում կարող են ընդգրկվել նաև նախարարության կողմից նախընտրելի ոլորտների մասնագետներ:
Երկուստեք կարևորվեց նաև կենսաթոշակային բարեփոխումների, հանրային իրազեկման աշխատանքներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

ԿԻՍՎԵԼ