Մանե Թանդիլյան. ««Հերոս» երեւալու ցանկություն չեմ ունեցել»

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ծնվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Երեւանում ուսանելու տարիներին արել է տարբեր աշխատանքներ, որպեսզի կարողանա վճարել ուսման եւ բնակարանի վարձը։ Հետագայում սկսել է մասնագիտական գործունեությունը, ասում է, որ երբեք չի դադարել սովորել։ Նախարարը շեշտում է` 18 տարեկանից պետք է անել ցանկացած աշխատանք։ Դա կարեւորագույն ցուցիչ է ինքնուրույնության ճանապարհին։ Հիմա նա փորձում է նույն արժեքները սերմանել իր որդիների մեջ։ Նախարարը շատ է աշխատում, բայց միշտ առույգ տեսք ունի սա, թերեւս, պայմանավորված է նրա մարզված լինելով։ Մանե Թանդիլյանը ժամանակին նույնիսկ կարատեով է զբաղվել։

Մեդիամաքսը հետաքրքիր զրույց է ունեցել նախարարի հետ` իր անցած բարդ ճանապարհի, հոր կորստի, քաղաքացիական ակտիվությունից քաղաքական դաշտ տեղափոխվելու մասին։ Մանե Թանդիլյանը երբեք չի խոսում ամուսնու եւ որդիների մասին։ Այս զրույցում, սակայն, բացառություն է արել եւ պատմել ընտանիքի մասին։ 

Ինչպիսի՞ն էր Ձեր հայրական ընտանիքը, ինչո՞վ էին զբաղվում ձեր ծնողները։

– Հայրս մանկավարժ էր, ապա դպրոցի տնօրեն, մայրս` քիմիկոս։ Ես քիչ բան եմ մանրամասն հիշում, բայց դպրոցի ոսկե մեդալների հանձնման արարողությունը լավ եմ հիշում։ Մեծ արարողություն էր, քանի որ երկար տարիներ ոսկե մեդալակիրներ չէին եղել։ Ներկա էր նաեւ հայրս, որն այլ դպրոցի տնօրեն էր։ Նա մի կարեւոր արտահայտություն արեց, որը մեխվեց մեջս։ Ելույթների ժամանակ  բոլորը ներկայանում էին, ասում` ես այսինչ դպրոցի տնօրենն եմ։ Հայրս ասաց` ես աշխատում եմ դպրոցում` որպես տնօրեն։ Իմ ականջին զրնգաց իր տարբերվող ներկայացումը։ Այսինքն` տնօրենը ոչ թե պաշտոն է, այլ միջոց։ Իրականում պաշտոնը միջոց է հասնելու նպատակներին, փոփոխություններ բերելու։ Այդ արտահայտությունն ինձ տարավ ամբողջ կյանքիս ընթացքում որպես նշաձող` ուր պետք է նայել եւ ինչպիսին պետք է լինել։

Ընտանիքն ինձ տվել է արժեքներ, որոնք համոզմունք են բերել, որ ես ճիշտ եմ։ Դա ինձ շատ է ուժեղացրել։ Ես ինձ համարում եմ ուժեղ մարդ, որը գիտի` ուր է գնում եւ ինչու։

Քանի՞ տարեկան էիք, երբ կորցրիք Ձեր հայրիկին։ 

– Հայրս մահացավ 55 տարեկանում, ես այդ ժամանակ 22 տարեկան էի։ Հաշվի առնելով, որ հորս հետ լավ ընկերներ էինք, ինձ համար դա շատ ծանր կորուստ էր։ Մենք այնպիսի կապ ունեինք, որ ես գիտեմ` դա մնայուն արժեք է, իր խոսքը, ընկերությունն ինձ հետ են։

Տարիների ընթացքում հասկացա, թե որքան ունեմ հենց իր տեսակի մարդու կարիքը։ Նա ինձ համար բացառիկ էր` իր արժեհամակարգով, որը որեւէ փոփոխության չենթարկվեց։ Մենք ԽՍՀՄ-ից եկանք անկախության, հայրս նաեւ քաղաքականությամբ էր զբաղվում, Դաշնակցության անդամ էր։ Դա այն ժամանակ էր, երբ Դաշնակցությունն արգելված էր Հայաստանում, իրենք ընդհատակում էին, ձերբակալված…

Ձեր պատանեկությունը համընկել է 90-ականների հետ։ Այդ տարիները բարդ էին։ Ինչի՞ պակաս ունեիք այդ տարիներին։

– Դպրոցական տարիներս սեւ ու մութ էին։ Մենք կարդում ու ընդունվելու համար պարապում էինք մոմի լույսի տակ։ Հասանելիության մասին անգամ չէինք մտածում, որովհետեւ պետությունն այն վիճակում չէր… Ես ինքնուրույն ընդունվեցի բուհ։ Ցուրտ ու մութ տարիներն էին, երբ որպես ուսանող եկա Երեւան, ապրում էի հանրակացարանում, հետո` վարձով բնակարանում։

Գիշերներն աշխատում էի վարձս տալու համար։ Դա այդ ժամանակվա բոլոր երիտասարդների անցած ճանապարհն է։ Հիմա երիտասարդների համար այնքան հնարավորություններ կան, որոնց մասին այն ժամանակ միայն երազել կարելի էր։

Ի՞նչ աշխատանքներ եք արել։

– Շատ տարբեր`սկսած կենցաղային գործերից մինչեւ ծառայության ոլորտ։ Այն, ինչ կանի ուսանողը` իր ուսման եւ բնակարանի վարձն ապահովելու համար։ Փոքր ցեխերում փաթեթավորում էի անում։

Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ինձ համար աշխատանքն արժեք է` մաքրողից մինչեւ նախարար։ Դրանից կարեւոր բան չկա։ Դրանով է մարդն ապրում, հաստատվում, ապահովում իր բարեկեցիկ գոյությունը։ Ինձ համար դա միակ ճանապարհն է, դրա համար երբեք որեւէ աշխատանքից չեմ խորշել։

Ինչպե՞ս ծախսեցիք առաջին աշխատավարձը։

– Ես ծախսելու խնդիր չունեի, հավաքելու եւ վարձ տալու խնդիր ունեի։ Արդեն բուհն ավարտելուց եւ Ամերիկյան համալսարան ընդունվելուց հետո, երբ սկսեցի աշխատել, առաջին աշխատավարձս ծախսեցի ծնողներիս համար գնումներ անելով։ Մեր ընտանիքում շատ խնդիրներ կային լուծելու, որոնց համար էլ ծախսեցի աշխատավարձս։

Հիմա ամուր կանգնած եք Ձեր ոտքերի վրա, հասել եք ֆինանսական որոշակի կայունության։ Ինչպե՞ս եղավ անցումը, հուսահատության պահեր ունեցե՞լ եք։

– Հուսահատության պահեր երբեք չեն եղել։ Ես միշտ իմացել եմ, որ այլ տեղ եմ գնալու, բայց դա ճանապարհ է, որը պիտի անցնես։ 18 տարեկանից պետք է յուրաքանչյուր աշխատանք անես` անկախ վարձատրության չափից։ Այդ փուլում սովորում ես աշխատել, ինչը կյանքի անգնահատելի փորձ է եւ տանում է դեպի բարձունքներ։

Անցման միակ ճանապարհն աշխատանքում ամենալավը, մրցունակ լինելու ձգտումն է, անընդհատ պիտի կրթվես, չհամարես, որ բավարար գիտելիք ունես։ Ես նաեւ միջազգային որակավորում ունեմ մասնագիտությանս մեջ։ Շարունակաբար սովորել եմ թե՛ լեզու, թե՛ մասնագիտական հմտություններ։ Պետք է առաջ գնալ։ Երիտասարներին միշտ ասում եմ, որ պետք է աշխատանք փոխել, առաջ գնալ, ձգտել լավագույնին, սակայն դա անել` բարձրացնելով սեփական աշխատանքի որակը։

Կարիերիստ լինելը հաճախ որպես բացասական բնորոշիչ է ընկալվում, թեեւ աշխատանքում լավագույնին ձգտելը պետք է բնականոն լինի։ Կարիերի՞ստ եք։

– Կարիերան ինձ համար միշտ եղել է արդյունք ավելի լավը դառնալու, ավելի լավ աշխատող լինելու, որը բերում է հաջողություններ։ Եթե հաջողության չես հասնում, հասկանում ես, որ ինչ-որ բան այնպես չես արել, ինչու ոչ, գործատու ես փոխում, ինչը համարում եմ բնականոն։ Եթե մարդը գիտելիք ունի, աշխատանքային փորձ, պետք է իրացնի այն, այլապես կլճանա։ Այդ ճանապարհին պիտի գտնես քեզ համար արդյունավետ տարբերակը։ Ինձ համար պաշտոնն ու կարիերան եղել են արդյունք այն աշխատանքի, որն արել եմ։ Աշխատավարձի բարձրացումը գնահատական է այն աշխատանքի, որն անում եմ։ Լավագույն դրսեւորումն այն է, երբ ոչ թե ձգտում ես պաշտոնի, այլ ուզում ես որակ տալ աշխատանքիդ մեջ։

Հայաստանում շատերը կարծում են, որ հնարավոր չէ առաջ գնալ առանց ծանոթընկերբարեկամի։ Հատկապես մինչեւ հեղափոխությունը դա արմատացած տեսակետ էր: Ձեր օրինակով հակառակն եք ապացուցում, այդուհանդերձ, բախվե՞լ եք  նման խնդրի։

– Ես չեմ հավատում, որ մարդն ուզում է իր ջանքի, գիտելիքի, աշխատասիրության շնորհիվ հասնել հաջողության եւ չի կարողանում` անկախ հասարակությունից, երկրից, հանգամանքներից։ Եթե ուզում ես, նշանակում է` ունես հնարավորություն։ Միայն թե պետք է  հույսդ որեւէ մեկի վրա չդնես։ Եթե բացի քեզնից որեւէ մեկի վրա հույս դնես, ձախողվելու ես։

Հաճախ մարդկանց չեն ներում իրենց հաջողությունը։ Ձեր շրջապատում եղե՞լ են մարդիկ, որոնք «չներեցին» Ձեզ։

– Դա ինձ հետ պատահել է ամբողջ կյանքում։ Հաճախ մարդկանց թվում է` հաջողեցիր, որովհետեւ բախտդ բերեց կամ միջնորդությամբ եղավ այդ արդյունքը։ Ես իմ մտքում ներում եմ նման մարդկանց, որովհետեւ իրենք չեն տեսնում այն ջանքը, որ մենք գործադրում ենք։ Մոմի լույսի տակ գիշերը կարդացած գրքերը, առավոտյան վաղ արթնանալը շատ չեն երեւում։ Դրա համար  մարդիկ հակված են մտածելու, որ հաջողությունը պատահականություն էր։ Ես երկար կանգ չեմ առնում նման մարդկանց վրա եւ ցանկանում եմ, որ իմանան` ճանապարհն իրենց ձեռքերում է, իրենց հաջողության տերն իրենք են։

Տիկին Թանդիլյան, Ձեր ճանապարհը դեպի քաղաքականություն սկսվեց «Դեմ եմ» շարժմամբ, որի առաջամարտիկներից էիք։ Այն մեկնարկելիս քաղաքական գործունեություն սկսելու նպատակ ունե՞իք։

– «Դեմ եմ»-ով սկսվեց իմ քաղաքացիական ակտիվությունը։ Այդ ժամանակ բացարձակ չէի մտածում քաղաքականություն մտնելու մասին։ Հորս օրինակով շատ ավելի վաղ ենթադրում էի, որ մի օր կարող եմ զբաղվել քաղաքականությամբ, սակայն ավելի ուշ` որոշակի տարիքից ու փորձառությունից հետո։ Ավելին, երբ փորձառու քաղաքական գործիչներն ակնարկում էին այդ մասին, կտրականապես հրաժարվում էի։ Այդ փուլում ես ինձ ավելի շատ տեսնում էի որպես գործունեության միջոցով իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող անձ։ Լավ քաղաքացի լինելը պակաս կարեւոր գործառույթ չէ։

Ճանապարհը, որն ինձ «Դեմ եմ»-ից բերեց քաղաքականություն, պատահական էր։ Էդմոն Մարուքյանն ինձ առաջարկեց կուսակցություն ստեղծել։ Ինձ համար դա կարեւոր որոշում էր, որովհետեւ ոչնչով կիսատ-պռատ չեմ զբաղվում, ամեն բան մեծ նվիրումով եմ անում։ Արագ որոշում կայացրի ու հասկացա, որ երբեմն արհեստական խոչընդոտները տեղին չեն։ Նոր քաղաքական ուժով քաղաքականություն մտնելու  հնարավորություն ամեն պահի չէ, որ տրված կլինի։ Էդմոն Մարուքյանի եւ մեր մյուս գործընկերների հետ հիմնեցինք կուսակցություն, որը կարճ ժամանակում մեզ հասցրեց այստեղ։

Դուք Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ եք, սակայն հեղափոխական շարժման անդամ չէիք։ Երբ եկաք ցույցի,  հարցազրույցներից մեկում ասացիք, որ ոչ թե միանում եք Նիկոլ Փաշինյանին, այլ տեղում եք, որպեսզի բռնություններ չլինեն։ Երբ շարժումը հաջողություն գրանցեց, ափսոսանք ունեի՞ք, որ ի սկզբանե չմիացաք հեղափոխությանը։

– Նիկոլ Փաշինյանին միանալն ինձ համար տարօրինակ է հնչում, քանի որ «Ելք»-ը միասնություն է` որպես դաշինք։ Միանալու խնդիր, որպես այդպիսին, դրված չէր։ Մենք թիմային աշխատանք ենք արել, այնքան ընդհանրություն ենք ունեցել, որ կարողացել ենք ստեղծել դաշինք, որը գործում է մինչեւ հիմա։ Այլ հարց է` ճանապարհը, որով ուզում էինք հասնել մեր ընդհանուր նպատակին, նո՞ւյնն էր, թե՞ տարբեր։ Որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ սա հնարավոր ճանապարհ է։ Ես սովոր եմ մտածել նաեւ դիմացինի տեսանկյունից։ Իմ մոտեցումները բխում էին նրանից` արդյո՞ք իմ քայլի արդյունքում այլ մարդիկ վնաս չեն կրելու։ Այս առումով իմ պատկերացումները մի փոքր այլ են։ Երբ անհանգստություն ունեմ, որ իմ գործողության արդյունքում կարող է անգամ մի քաղաքացի տուժել, մի անգամ եւս կմտածեմ այդ քայլին գնալու գնի մասին։

Մոտեցումների միակ տարբերությունն այստեղ էր, իսկ Հայաստանին փոփոխություն բերելը մեր ընդհանուր տեսլականն էր։ Եթե նույն իրավիճակը հիմա լիներ եւ չիմանայինք, որ հաջողելու ենք, արյուն չի թափվելու, նույն որոշումը կկայացնեի։ Կան հարցեր, որոնց վրայով  չեմ կարող անցնել։

Երբ ես հետ եմ նայում, հասկանում եմ, որ, մեծ հաշվով, նպատակը, որի համար ես մտա քաղաքականություն, այսօր իրողություն է։ Միգուցե ես ինչ-որ չափով հասել եմ դրան թե՛ իմ մուտքով քաղաքականություն, թե՛ այն արժեհամակարգով, որը փորձել եմ բերել ինձ հետ։ Որոշակի նպատակներ արդեն իրողություն են, պետք է սահմանել հաջորդ նշաձողը։

Եվ ո՞րն է այդ հաջորդ նշաձողը։

– Այս պահին կենտրոնացած եմ այս աշխատանքի վրա։ Չգիտեմ` որքան է ինձ տրված ժամանակահատվածը, բայց պետք է հասնել այնպիսի արդյունքների, որ մեր քաղաքացիները զգան, որ երկրում իսկապես բան է փոխվել, իրենց սպասումները, վստահությունը արդարանան։ Մարդիկ պիտի ուրախ լինեն փոփոխության համար, ոչ թե ինչ-որ պահից սկսած տարակուսեն։ Ամեն ինչ պետք է լինի չափելի՝ անգամ հեղափոխությունը։ Այդ հեղափոխությունը պետք է լինի նաեւ մարդկանց մտքում, մոտեցումներում եւ վերաբերմունքում դեպի սեփական պետությունը։

Նախորդ ամիս հրաժարականի դիմում ներկայացրիք, որը լայն քննարկման առարկա դարձավ։ Հասարակության մի մասը Ձեզ քաջալերում էր եւ որակում որպես սկզբունքային քաղաքական գործիչ, մյուս մասը՝ մեղադրում առաջին դժվարության ժամանակ «փախչելու» համար։ Որոշումը կայացնելիս ներքին կռիվ ունեի՞ք։

– Ներքին կռիվ չեմ ունեցել, որովհետեւ նախարարի պաշտոնն ինձ համար խնդիրներ լուծելու, նպատակների հասնելու գործիք է։ Եթե այդ գործիքը չի ծառայելու իր նպատակին, որեւէ խնդիր չունեմ այն փոխարինել այլ գործիքով։ Ես այլ ակտիվություն կունենայի եւ այլ ճանապարհով կգայի խնդրի լուծմանը։

Ինձ պետք է ընդհանրապես չճանաչել՝ մտածելու համար, որ դա դժվարության խնդիր էր, որ որեւէ դժվարություն կարող է ինձ հետ պահել այն ճանապարհից, որով գնում եմ։ Երբ ասում են «ամենասկզբունքային քաղաքական գործիչ», դա էլ տեղին չէ։ Սկզբունքային կամ «հերոս» երեւալու ցանկություն բնավ չեմ ունեցել։ Հերոսները սահմանին են կանգնած։ Պարզապես կայացված որոշումն ինձ համար ընդունելի չէր։ Ես ունեի այլ մոտեցում, որը նույնիսկ քննարկման առարկա չդարձավ։ Ես համաձայն չէի գնալ լուծման այս ճանապարհով։ Շարունակեցի պաշտոնավարել, որովհետեւ որոշեցինք իմ առաջարկություններն ու մոտեցումները դարձնել օրենսդրական նախաձեռնություն եւ  քննարկել։ Թեման փակված չէ, քննարկումներ լինելու են։ Կփորձենք լավացնել օրենքը` ի շահ քաղաքացու։

Երբ ասում էինք, որ կուտակային համակարգը պետք է լինի կամավոր, սկիզբն էր, երբ այս ամենը ներդրված չէր, ռիսկերը, որոնց մասին խոսեց վարչապետը, չկային։ Այո, իրավիճակը փոխվել է։ Հիմա ավելի վառ արտահայտված ռիսկեր կան, որոնք ժամանակին չկային, եւ այն պարագայում համակարգը կարելի էր դարձնել բացարձակ կամավոր։ Հիմա կա որոշակի ռիսկ։ Այս առումով ես կիսում եմ վարչապետի մոտեցումը, այդ պատճառով առաջարկում եմ համակարգը դարձնել գրավիչ, ինչը հնարավոր է։

Պահանջողից պահանջ կատարողի դաշտ Ձեր տեղափոխությունն արագ եղավ։ Ո՞ր դաշտում էր Ձեզ համար ավելի հեշտ։ Հիմա որքանո՞վ է հեշտ կատարել այն պահանջները, որոնք ներկայացնում էիք ժամանակին։

– Փոխակերպումը որեւէ բարդություն չի ներկայացնում եւ չի առաջացրել, քանի որ ինչ-որ բան պահանջելիս՝ վերլուծում եմ` դա հնարավո՞ր է, թե՞ ոչ, ի՞նչ խնդիրներ ու ռիսկեր կան։ Հստակ պատկերացնում եմ` ինչ կանեի, եթե ինքս լինեի պահանջ կատարողը, եւ ինքնանպատակ պահանջներ չեմ ներկայացնում։

Ակտիվիստ, պատգամավոր, նախարար. ժամանակային առումով ճանապարհը թռիչքային էր։ Ի՞նչ տվեց Ձեզ այս ուղին, այս բնագավառն ի՞նչ ազդեցություն ունեցավ ձեր տեսակի վրա։

– Հպարտությամբ եմ ասում, որ տեսակի փոփոխություն չեմ կրել եւ չեմ կրելու, որովհետեւ ես քաղաքականություն եմ մտել նաեւ քաղաքականութան տեսակը, քաղաքացիների վերաբերմունքը քաղաքական գործչի հանդեպ փոխելու համար։ Իմ պատկերացմամբ, քաղաքականությունը գործիք է` մարդկանց կյանքն երջանիկ դարձնելու համար։

Ես ուզում եմ մնալ այն անձը, որի հետաքրքրության մեջ քաղաքականությամբ զբաղվելը պետությունը կայացնելու, ուժեղացնելու, քաղաքացիների կյանքը երջանիկ դարձնելու համար է։

Բոլոր պաշտոնյաները նշում են, որ պաշտոնն իրենց չի փոխում, բայց շրջապատի մարդիկ հաճախ հակառակն են կարծում։ Ներքին զսպօղակ ունե՞ք, որպեսզի պաշտոնը Ձեզ չփոխի։

– Իմ շրջապատի մարդիկ, իհարկե, տեսնում են փոփոխություն, ես շատ ավելի քիչ եմ պատասխանում հեռախոսազանգերի, ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում Ֆեյսբուքում, ավելի քիչ եմ գնում ընտանեկան, բարեկամական, ընկերական  միջոցառումների։ Այդտեղից կարելի է կարծիք կազմել, որ նախարար է, այլեւս չի շփվում։ Իրականում, դա կապված է բացառապես ժամանակի սղության հետ։

Ձեր աշխատանքային գրաֆիկը բավականին հագեցած է։ Մի բան է, երբ տղամարդն աշխատանքի բերումով չի հասցնում տուն գնալ, այլ բան է, երբ կինը, մայրը չի հասցնում տանը լինել։ Ընտանիքի անդամներն ինչպե՞ս  արձագանքեցին Ձեր` նախարարական պորտֆել ստանալուն եւ դրա հետեւանքներին։

– Երբ ես հասարակության մեջ խոսում եմ կնոջ եւ տղամարդու հավասար հնարավորությունների մասին, դա նաեւ կիրառում եմ։ Բացի ֆիզիկական ծանր աշխատանքից, որը, հնարավոր է, կինը չկարողանա անել, մյուս բոլոր հարթություններում կինն ու տղամարդն ունեն պարտականություններ, պատասխանատվություն, որը կիսում են։

Ընտանիքն ինձ համար թիմ է, որտեղ ամուսինները մեկը մյուսին օգնելով, օժանդակելով՝ ճանապարհ են անցնում։ Երեխաների որոշակի տարիքից հետո ծնողի պարտականությունը կին-տղամարդ չի ճանաչում։ Դա հնարավոր է համատեղել, հավասարակշռել, կիսել։ Այդ իմաստով խնդիր չեմ տեսնում։ Այլ բան է, որ երեխաներս դժգոհ են, իսկ իրենք դժգոհ են թե՛ հորից, թե՛ մորից, որովհետեւ երկուսի կարիքն էլ ունեն, երկուսի բացակայությունն էլ խնդիր է։ Իհարկե, իրենք ունեն դժգոհություն, որ քիչ ժամանակ ենք անցկացնում միասին։ Սակայն, եթե ես օրը 24 ժամ էլ իրենց կողքին  լինեմ, դա իրենց չի բավարարի։ Տղաներս ինձ հետ շփվելու կարիք անընդհատ ունեն։ Ես դա ընդունում եմ որպես հաճոյախոսություն, նշանակում է` չեն հոգնում ինձանից, ուզում են ինձ հետ ժամանակ անցկացնել։ Շփման քանակը փոխակերպում եմ որակով։ Հուսով եմ, իմ անգամ կարճ շփումները երեխաների հետ այն որակի եւ բովանդակության են, որ իրենք մայրական գորովանքի պակաս չունեն։

Իհարկե, լինում են կարոտի պահեր, բայց ես չեմ մտածում կարոտի մասին, որովհետեւ դա խանգարում է գործունեությանը։ Ես էլ, իրենք էլ շատ լավ գիտենք, որ մեր սերն ու կարոտը փոխադարձ է, սակայն դրա վրա կենտրոնանալը կտրում է աշխատանքային  ռիթմից, իրենց էլ եմ խորհուրդ տալիս չկենտրոնանալ դրա վրա։ Կարիք չկա։ Անկախ նրանից` ֆիզիկապես ով որտեղ կլինի, մենք ամբողջ կյանքում միասին ենք լինելու։

Մենք պիտի ընկերներ լինենք երեխաների հետ, որպեսզի նրանք իմանան, որ կյանքը բազմաշերտ է, կան հարցեր, որոնք պակաս կարեւոր չեն, հասկանան` ինչու է իրենց կյանքից պակասում ծնողի ներկայությունը։ Գուցե մի օր իրենց բողոքն ավելի վառ ասեն ինձ, քան հիմա, բայց հուսով եմ՝ գիտեն այն նպատակներն ու արժեքները, որոնք ունեմ։

Ձեր մեծ տղան` Դավիթը 17 տարեկան է, կրտսերը` Էդգարը՝ 13։ Ինչպիսի՞ հարաբերութուններ եք ձեւավորել նրանց հետ։ 

– Ես առաջին մարդն եմ, որի հետ իրենք կիսում են իրենց խնդիրները, մտահոգությունները, նեղսրտությունը։ Սա ասում եմ մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ։ Անգամ այն կարճ ժամանակում, որն անցկացնում եմ իրենց հետ, չեմ զլանում պատասխանել իրենց հարցերին, զրուցել, ինչն ամենակարեւորն է ծնողի գործառույթի մեջ։

Կարծիք կա , որ տղամարդիկ խոսելու իրենց թեմաներն ունեն, կանայք` իրենց։ Տղաների հետ բարդություններ չե՞ն առաջանում։ Դուստր ունենալու կանանց բնորոշ երազանք ունեցե՞լ եք։

-Մեծ հաշվով, իմ ու որդիներիս միջեւ սահման չի լինում, որովհետեւ սեռերը կապ չունեն արժեքների հետ։ Ինձ համար կարեւորը մարդու արժեքային համակարգն է։ Այլ բան է, որ կան նրբություններ։ Քանի որ ես անցել եմ իրենց տարիքով, կարողանում եմ իմ տարիքի բարձունքից վեր հանել այն հարցերը, որոնք իրենց տարիքում կարեւոր են։ Մեզ համար չկան փակ թեմաներ։

Բնականաբար, հետաքրքիր կլիներ ունենալ աղջիկ ու տեսնել` ինչպիսին է լինում աղջիկը։ Ցավոք, այդ բախտին չեմ արժանացել։

Որո՞նք են ամենակարեւոր արժեքները, որ փորձում եք ներդնել Ձեր երեխաների մեջ։

– Լսել դիմացինի կարծիքն անկախ նրանից՝ համաձայն ես, թե ոչ, հասկանալ, թե ինչու է նա այդպես մտածում։ Սա հեշտ բան չէ։ Գուցե շուտ է իրենց հետ խոսել այդ մասին, սակայն երբ իրենք տեսնում են իմ հաջողությունը, փորձում եմ իրենց ցույց տալ դրա պատճառը։ Որեւէ հաջողություն պատահականություն չէ, որքան էլ կողքից թվա, թե բախտդ բերեց։ Երբեք չի բերում նրանց բախտը, ովքեր բավականաչափ ջանասիրաբար չեն աշխատել, էներգիա, նյարդ, ժամանակ, առողջություն չեն ծախսել։

Հաճախ ծնողները չեն ցանկանում երեխաներին տեսնել իրենցից անկախ, իսկ ես կարծում եմ, ազատությունն ու անկախությունը գերագույն արժեքներ են։ Շատ կարեւոր է սկզբից եւեթ երեխաներին սովորեցնել լինել անկախ։ Երեխաները մի օր պետք է ստանան իրենց անկախությունը։ Ըստ իս` որքան շուտ լինի, այնքան լավ իրենց համար։

Դեռահասների դաստիարակությամբ զբաղվելն ի՞նչ բարդություններ է ենթադրում։

– Հաճախ մենք մոռանում ենք մեր երեխաների տարիքը, ուզում ենք՝ նրանք շուտ մեծանան կամ հակառակը՝ վերաբերում ենք որպես շատ փոքր երեխաների։ Երբ խոսում եմ փոքր տղայիս հետ, զգում եմ, որ մի փոքր հետ եմ ընկել, ինքն արդեն 13 տարեկան է, սա դեռահասության փուլն է։ Արագ վերակազմակերպվում եմ։ Ծնողները, գուցե նաեւ ես, խնդիր են ունենում, երբ ակնկալիքները սեփական երեխաներից շատ ավելին են, քան այլ երեխաներից։ Ուզում ենք իրենց ավելի լավը տեսնել, մեր երազած տեսակն ենք պարտադրում իրենց։ Այս առումով զգում եմ, որ իմ երեխաների արարքների հանդեպ ավելի պակաս հանդուրժող եմ, քան այլ երեխաների դեպքում։ Դա բնական է, որովհետեւ իրենք մեր երեխաներն են, եւ մենք հենց իրենց համար ենք պատասխանատու։

Մայրական խստություն ունե՞ք։ Հաճա՞խ եք «ոչ» ասում Ձեր երեխաներին։

– Միայն այն դեպքերում, երբ կարող են վնաս պատճառել իրենց անվտանգությանը, առողջությանը։ Եթե հանգամանալից բացատրելը չի օգնում, կտրականապես մերժում եմ։ Իրենք շատ լավ գիտեն, որ իմ «ոչ»-ն ինքնանպատակ արգելք չէ։ Մեծ հաշվով, ամեն ինչ թույլատրված է, քանի դեռ իրենք ողջամիտ են։

Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ընտանեկան ժամանցը։

– Տղաներիս հետ մեր ամենասիրելի զբաղմունքն է կինո գնալը։ Երբեմն հաջողվում է չորսով գնալ, երբեմն՝ երեքով։ Թեեւ տանը կան հարմարություններ, ուշ ժամերի հաճախ կինո ենք գնում։ Միշտ իրենց ճաշակով ենք ընտրում` ինչ դիտել։ Փոքր տղաս շատ հետաքրքիր ճաշակ ունի։ Նույնիսկ երբ մուլտեր է ընտրում, ես վստահությամբ գնում եմ դրանք դիտելու, որովհետեւ գիտեմ, որ հետաքրքիր է լինելու։

Ձեր ընտանիքի, ամուսնու մասին տեղեկություններ գրեթե չկան։ Ինչո՞վ է զբաղվում Ձեր ամուսինը։ Նա ինչպե՞ս ընդունեց Ձեր` նախարարի պորտֆելն ընդունելու որոշումը։

– Ես չեմ սիրում հանրայնացնել ընտանիքս։ Այս զրույցն իսկապես բացառություն է։ Ամուսինս զբաղվում է իր աշխատանքով, որը մանրածախ առեւտրի ոլորտում է։ Այս փոփոխությունը շատ բնական ընդունեց։ Եթե այդպես չլիներ, խնդիրներ կլինեին, բայց խնդիրներ չկան։ Մենք համախոհներ ենք, յուրաքանչյուրս ունի իր պատկերացումներն իր գործունեության մասին եւ փոխլրացնում է մյուսին։

Ընտանիքում քաղաքական քննարկումներ ունենո՞ւմ եք։ Ձեր որդիները, տեսնելով Ձեր օրինակը, քաղաքականություն մտնելու ցանկություն ունե՞ն։

– Ամուսինս խիստ ապաքաղաքական մարդ է, քաղաքական կողմնորոշում ունենալու կարիք չունի։ Նա ուղղակի իմ համախոհն է։

Տեսնելով իմ բացակայությունը` որդիներս որոշել են երբեք չզբաղվել քաղաքականությամբ, որովհետեւ իրենք էլ են «բացակայելու» կյանքից։ Մեծ տղաս փիլիսոփայական գրքեր է կարդում, պետության կազմավորման, նպատակի, կապիտալիզմի, սոցիալիզմի մասին շատ հետաքրքիր մտքեր ունի։ Ես տեսնում եմ, որ դա քաղաքական գործչի դիրքավորում ու մտածելակերպ է, սակայն հիմա չեմ ասում այդ մասին։ Հաշվի առնելով իմ բացակայությունն իրենց կյանքից՝ նման թեմա լսելիս՝ անմիջապես ընդդիմանում է, բայց չեմ բացառում, որ իր հետաքրքիր մոտեցումը մի օր դառնա իր գործունեությունը։

Հասցնո՞ւմ եք տնային տնտեսուհու գործերով զբաղվել։

– Բացարձակ ոչ։ Այդ առումով խնդիրներ կան, սակայն օգնողներ էլ կան։ Մեկս մյուսիս օգնում ենք, փորձում համատեղել։ Ես տնային գործերը զոհաբերում եմ երեխաներիս հետ մի քիչ ավելի շատ շփվելու համար եւ արժանանում մեր ընտանիքի մեծահասակ անդամների քննադատությանը (ժպտում էհեղ.

Ե՞րբ եւ ինչպե՞ս է սկսվում ու ավարտվում Ձեր օրը։

– Օրս սկսվում է առավոտյան 7-ին ու չի ավարտվում։ 8։15-8։30 արդեն աշխատավայրում  եմ։ Երբ նոր էի նշանակվել, աշխատակիցները նկատում էին, որ առաջինն եմ գալիս, վերջինը՝ գնում։ Սա իմ ընտրած ճանապարհն է, պիտի կարճ ժամանակում խորությամբ տիրապետեմ այն ամենին, ինչով զբաղվում եմ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ամենածավալուններից է, բյուջեի ամենամեծ հատվածն էլ տրամադրվում է մեր նախարարությանը։ Տարբեր ու բազմաշերտ խնդիրներ կան, որոնց պետք է տիրապետել եւ լուծումներ տալ։

Օրս ավարտվում է տարբեր հանդիպումներով, որոնք շարունակվում են նույնիսկ ժամը 22-ից հետո։ Մինչեւ հասնում եմ տուն, շատ ուշ է լինում։ Շատ ուշ եմ քնում, թեեւ ինձ տեսնողները կասկածում են դրանում։ Հուսով եմ` կշարունակեն կասկածել (ծիծաղում էհեղ.

Ցանկացած միջավայրում կինը մնում է կին, հատկապես պաշտոնյա կանայք ուշադրության կենտրոնում են նաեւ իրենց ներկայանալիությամբ։ Թեեւ օրվա վերջ է, խնամված արտաքին ունեք։ Այս ամենն ու Ձեր նկարագրած գրաֆիկն առաջին հայացքից անհամատեղելի են թվում։ Նախարարական սենյակում հաճա՞խ եք արտաքին շտկումներ անելու կարիք ունենում։

– Թող ինձ ներեն տղամարդ քաղաքական գործընկերներս, սակայն կին քաղաքական գործիչ լինելը կրկնակի դժվար է։ Կանայք ավելի հաճախ են քննադատության թիրախ դառնում հենց կանանց կողմից։ Հանրային կայանք շատ ավելի մեծ դժվարություններ, հաճախ՝ անհաղթահարելի խնդիրներ են հաղթահարում, քան տղամարդիկ։ Հավուր պատշաճի ներկայանալը լրացուցիչ ժամանակ, ջանք, միտք է պահանջում։ Փորձում եմ հնարավորինս հասցնել ամեն ինչ մինչեւ նախարարական սենյակ հասնելը։

Ընտանեկան ժամանցից բացի կարեւոր է նաեւ անհատական ժամանց ունենալը։ Ի՞նչ նախասիրություններ ունեք։

– Անհատական ժամանցով զբաղվել չեմ հասցնում։ Իմ հանդիպումների 95 տոկոսը գործնական են։ Այն փոքր ժամանակը, որ մնում է, փորձում եմ բաշխել այնպես, որ կարողանամ բալանս գտնել կարեւոր մարդկանց համար։ Իհարկե, իրենք ըմբռնմամբ են մոտենում, բայց ինքս ունեմ իրենց հետ շփվելու կարիք։

Ես սպորտային մարդ եմ, մինչեւ վերջերս առավոտյան վազում էի, գնում էի լողի, մարզվում էի։ Ժամանակին նույնիսկ կարատեի եմ գնացել, գոտի ստացել։ Գրաֆիկս կարգավորելուց հետո կփորձեմ նորից զբաղվել սպորտով, քանի որ դա բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, որն ամենակարեւոր բաղադրիչներից է։

ԿԻՍՎԵԼ