Նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Հուլիսի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային և դեսպանության երկրորդ քարտուղար Մեգումի Մաեկավային:

Հանդիպման սկզբում նախարարն իր ցավակցությունը հայտնեց Ճապոնիայում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում մարդկային զոհերի կապակցությամբ: Դեսպանը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ արտակարգ իրավիճակներում Ճապոնիայի արագ արձագանքման փորձը ևս կարող է օգտակար լինել Հայաստանին:

Դեսպանը ներկայացրեց Ճապոնիայի սոցիալական քաղաքականության առանձնահատկությունները՝ մատնանշելով այն ոլորտները, որոնք հարմար են փորձի փոխանակման տեսանկյունից:

Կողմերը մտքեր փոխանակեցին աշխատանքային օրենսդրության, սեռով պայմանավորված աշխատանքային խտրականությունների, քաղաքացիների գերծանրաբեռնվածությանն ու աշխատաշուկայում կանանց ներգրավածությանն առնչվող հարցերի շուրջ։

Նախարար Մանե Թանդիլյանը, արձագանքելով դեսպանի հրավերին, կարևորեց երկու երկրների համապատասխան նախարարությունների միջև ակտիվ համագործակցությունն ու պատրաստակամությունը հայտնեց հանդիպել ճապոնացի գործընկերոջը՝ քննարկելու ոլորտային համագործակցության հնարավոր ձևաչափերը։

«Դեռևս երեք տարի է, ինչ մեր երկիրը դեսպանություն ունի Հայաստանում, ուստի շատ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը դեռևս նոր-նոր է սկսվում։ Ճապոնիան  Հայաստանում իրականացնում է ինչպես դրամաշնորհային ծրագրեր, այնպես էլ վերապատրաստումներ: Համոզված ենք, որ սոցիալական ոլորտում մեր երկրները համագործակցության լայն հնարավորություններ ունեն»,- նշեց դեսպան Ջուն Յամադան։

ՀՀ ԱՍՀ նախարարի տեղեկալ Արման Ուդումյանն առաջարկեց մոտ ապագայում հանդիպել արդեն աշխատանքային խմբերով՝ քննարկելու աշխատանքի և զբաղվածության ոլորտային համատեղ ծրագրերն ու զարգացման համատեղ օրակարգը։

 

ԿԻՍՎԵԼ