2008թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

2008թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, հանձնաժողովի նախագահ Ա. Համբարձումյանը:
Իր խոսքում նախարարը կարևորեց պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համակարգված աշխատանքը` որպես հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու, նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու, սոցիալական պաշտպանություն իրականացնելու էական գործոն:
Նիստի օրակարգ էին ներառվել հետևյալ հարցերը.

  • ազգային հանձնաժողովի առաջին նիստից հետո կատարված աշխատանքների մասին,
  • հաշմանդամների հիմնախնդիրների իրազեկման միամսյակին նվիրված միջոցառումների ծրագրի մասին,
  • այլ հարցեր:

Օրակարգը հաստատելուց հետո առաջին հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ, հանձնաժողովի քարտուղար Ջ. Բաղդասարյանը: Նա նշեց, որ հաստատվել են մարզային հանձնաժողովների կարգերը, բոլոր մարզերում գումարվել են նիստեր: Մրցույթ է հայտարարվել «Մատչելի համայնք» թեմայով: Կազմակերպվել է հանձնաժողովի անդամների և ԲՍՓՀ նախագահների աշխատանքային հանդիպում, որի արդյունքում հանձնաժողովներին տրվել է հանձնարարական` հաշմանդամների անհատական վերականգնողական ծրագրերում ներառել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց շրջակա միջավայրի մատչելության պայմանները: 2009թ. հաշմանդամների տարեկան ծրագրում ներառվել են հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունները, ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել ԱԺ:
Մեծ ուշադրություն է դարձվել քաղաքաշինական խնդիրներին. իրավիճակը պարզելու համար հարցումներ են ուղարկվել բոլոր մարզային հանձնաժողովներ, ստացված պատասխանները վկայում են, որ այս առումով վիճակը մտահոգիչ է: Համայնքների բյուջեներում շրջակա միջավայրի մատչելիության ապահովման նպատակով միջոցներ չեն նախատեսվում, աշխատանքները հիմնականում կատարվել են հասարակական կազմակերպությունների ուժերով: Ավարտելով զեկուցումը, տիկին Բաղդասարյանն առաջարկեց տեղերում հանդիպումներ կազմակերպել մարզային հանձնաժողովների անդամների հետ` ներգրավելով ՀՀ քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետներին, ազգային հանձնաժողովի անդամներին:
Հաշմանդամների հիմնախնդիրների իրազեկման միամսյակին նվիրված միջոցառումների ծրագրում ընդգրկվել էին ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվելիք միջոցառումները: Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից եղան նոր, հետաքրքիր առաջարկություններ: Պարոն Համբարձումյանը հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում լրամշակել ծրագիրը և ներկայացնել հաստատման: Հաստատվեց միամսակի անցկացման ժամկետը` ս/թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը:

ԿԻՍՎԵԼ