Քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները

ՀՀ կառավարության կողմից վերջերս կուտակային կենսաթոշակային համակարգում առաջարկված միջանկյալ լուծումների վերաբերյալ տպագիր և առցանց մամուլում տեղ էին գտել տարաբնույթ մեկնաբանություններ: Գերակշռող մասը կապված է եղել պարտադիրության սկզբունքի, հավաքված միջոցների ներդրման արդյունավետության և պետբյուջեից հավելյալ միջոցների դորսգրման հետ: ՀՀ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, տարբեր կառույցերի ներկայացուցիչները, քաղաքացիները հանդես էին եկել տարբեր առաջարկությունների փաթեթով:

Հունիսի 28-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի նախաձեռնությամբ նշված մեկնաբանություններն ու առաջարկությունները քննարկելու նպատակով կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշեց, որ քննարկումը ցանկալի է իրականացնել հիմքում ունենալով կենսաթոշակային համակարգի սոցիալական կոմպոնենտն ու այս խնդրի շուրջ հնչած ՀՀ վարչապետի դիրքորոշումը, այն է՝ ունենալ բարեփոխված համակարգ, որն ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն զանգվածի համար, միաժամանակ ապահովելով համակարգի կայունությունն ու հուսալիությունը:

«Այս խնդրով մտահոգված մարդկանց քանակն ու ներգրավվածությունը շարունակում է ապացուցել, որ հարցը գտնվում է հանրային լուրջ ուշադրության ներքո: Ակնկալում եմ անշահախնդիր քննարկում, որտեղ բարձրաձայնված առաջարկները, մոտեցումներն ու տեսակետները կհավաքագրվեն և իրատեսական լինելու դեպքում կներառվեն օրենքի նախագծում»,- ընդգծել է Մանե Թանդիլյանը:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան մանրամասն ներկայացնելու իրենց մոտեցումները, դիտարկումներն ու համակարգի բացթողումները: Հիմնական մտահոգությունները հետևյալ հարցերի շուրջ էին. Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության պակաս, միայն կամավորության սկզբունքի կիրառում, տարիների ժամկետի կրճատում, ֆոնդերի կառավարիչների պայմանագրերի հանրայնացում, ֆոնդից ֆոնդ գումարի տեղաշարժի դյուրացում, համակարգի եկամտաբերության աստիճանի հստակեցում, հարկային բեռի գնահատում, ֆոնդերի թափանցիկության ապահովում, համակարգի նկատմամբ անվստահության վերացում, ֆոնդերի մրցակցության ապահովում:

Քննարկման ընթացքում իր տեսակետը հայտնեց նաև Աժ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, այն է՝ հստակեցնել համակարգի նպատակը, հանրությանը մատուցել օբյեկտիվ ու իրատեսական տեղեկատվություն, որի արդյունքում այն լիարժեք կգործի:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Մանե Թանդիլյանը շնորհակալություն հայտնեց կառուցողական քննարկման, հնչած առաջարկների և անհանգստությունների համար: Նա փաստեց, որ քննարկմանը հրավիրված են եղել խնդրի շուրջ տարբեր կարծիքներ ունեցող անձինք, ովքեր կկարողանային լսել միմյանց և գտնել իրագործելի լուծումներ:

«Վստահեցնում եմ, որ այստեղ հնչած հարցադրումներն ու առաջարկները կուսումնասիրվեն նախարարության կողմից և իրատեսական լուծումները կներառվեն օրենքի նախագծում: Պետք է ստեղծել հասարակության համար ընդունելի կուտակային կենսաթոշակային համակարգ, որը լուծում կտա կենսաթոշակային խնդիրների մարտահրավերներին, գրավիչ կլինի ներգրավված մասնակիցների համար, և կբխի անհատի իրավունքներից ու կամարտահայտությունից»,- եզրափակել է տիկին Թանդիլյանը:

ԿԻՍՎԵԼ