«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների մասնակցային համագործակցության» կանոնակարգի շնորհանդես

2008թ. հոկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի ունեցավ «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության և Եվրոպական միության Ոչ-առևտրային իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպված «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների մասնակցային համագործակցության» կանոնակարգի և «Համագործակցություն և մասնակցություն» էլեկտրոնային էջի շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցում էին պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ:
Բացման խոսքում Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի իրավաբան-փորձագետ Լյուբեն Պանովը շնորհավորեց ներկաներին` կարևոր իրադարձության առիթով:
-«Կովկասյան տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում սա նախադեպ է, երբ պետական կառույցը պարտավորվում է համագործակցել հասարակական սեկտորի հետ և դա ամրագրվում է կառավարության որոշումով և նախարարի հրամանով»,-նշեց փորձագետը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացրեց համագործակցության անցած ուղին, կանոնակարգի ստեղծման փուլերը:
-«Օրինաչափ է, որ մեր նախարարությունն առաջինն է կատարել այս քայլը: Մենք շփվում ենք բնակչության ամենալայն խավերի և համագործակցում` մեծ թվով հասարակական կազմակերպությունների հետ: Փաստաթղթում մեծ նորություններ չկան, ուղղակի ամրագրել և իրավական փաստաթղթի տեսք ենք տվել մեր նախարարության և հասարակական կազմակերպությունների տարիների համագործակցությանը: Աշխատանքային խումբը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել խնդրին և օգտագործելով նաև մեր արտասահմանյան գործընկերների փորձը, ստեղծել է մի փաստաթուղթ, որն իրոք կանոնակարգում է տեղեկատվության փոխանակման, խորհրդատվության և հետադարձ կապի, կազմակերպությունների մասնակցության գործընթացը: Մենք դիմում ենք մեր գործընկեր նախարարություններին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին` մտածել այս ուղղությամբ և գործուն քայլեր իրականացնել, որովհետև մեր երկրի առջև ծառացած խնդիրները կարելի է լուծել միայն համատեղելով ջանքերը»,-նշեց Հ. Խաչատրյանը:
«Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Նունե Պեպանյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` կատարված աշխատանքի, մյուս նախարարություններին` համատեղ աշխատելու պատրաստակամության համար:
Շնորհանդեսին ներկայացված www.ngo.am կայքի «Համագործակցություն և մասնակցություն» էջն ավելի գործուն և տեսանելի կդարձնի պետական կառավարման մարմիններ – հասարակական կազմակերպություններ համագործակցությունը:

ԿԻՍՎԵԼ