Նախարարն այցելել է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հունիսի 23-ին այցելեց ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ: Այցի նպատակն էր ծանոթանալ խնամատարությանն իբրև երեխայի խնամքի կազմակերպման այլընտրանքային մոդելի, խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման գործընթացին, իրականացված աշխատանքներին և հետագա ծրագրերին:

Ողջունելով հանդիպման ներկաներին՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում երեխաների խնամքի և պաշտպանության շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպման գործընթացին, շեշտելով, որ երեխան պետք է ապրի ընտանիքում:

«Այս մոտեցումը ոչ թե ընդամենը երկրի քաղաքականությունն է, այլ երեխայի լավագույն շահից բխող լուծում, որն իր հետ բերում է նաև հասարակության բարոյահոգեբանական ընկալման փոփոխություն՝ երեխան սիրված է, նա ունի ընտանիք և գտնվում է պետության պաշտպանության ներքո»,- ընդգծել է նախարարը:

Այնուհետև, հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանի ուղեկցությամբ տիկին Թանդիլյանը շրջել է կենտրոնում, զրուցել հանրապետության տարբեր մարզերից ժամանած խնամատար ծնողների հետ, հետաքրքրվել յուրաքանչյուրի պատմությամբ: Նրանցից մի քանիսն արդեն խնամում են իրենց ընտանիքներում երեխաներին, իսկ մի մասը դեռ սպասում է երեխաների տեղավորմանը:

Զրույցի ընթացքում խնամատար ծնողները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին խնամատարության գործընթացի հապաղմանը, օրենսդրական դաշտի բացերին և առկա այլ խնդիրներին:

Տիկին Թանդիլյանը ներկաներին հավաստիացրեց. «Ընտանեկան օրենսգրքում այս պահին ընթանում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու աշխատանքները: Ձեր մտահոգությունները օրենսդրական դաշտում լուծում կստանան և կհիմնվեն երեխաների լավագույն շահի սկզբունքի վրա»:

Հանդիպման ավարտին տիկին Անտոնյանը նախարարին ներկայացրել է նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ուղղորդման գործող կարգը, առաջարկվող լուծումները: Միասին քննարկել են երեխաների պաշտպանության ոլորտի խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը՝ հիմքում ունենալով «Երեխան պետք է ապրի ընտանիքում» գաղափարախոսությունը: 

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ 2005-2009թթ. իրականացրել է խնամատարության պիլոտային ծրագիրը՝ նպատակ ունենալով հաստատություններից աստիճանաբար դուրս բերել խնամվող երեխաներին՝ տեղավորելով նրանց խնամատար ընտանիքներում (եթե վերադարձը կենսաբանական ընտանիք անհնար է կամ  չի բխում երեխայի շահերից):  Արդյունքում 32 երեխա տեղավորվել է 30 խնամատար ընտանիքում:

2015-2017թթ. ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության իրագործման ծրագրի արդյունքում կենտրոնի կողմից վերապատրաստվել է 85 խնամատար ծնող (63 ընտանիք), ստացել դրական եզրակացություն և ստանձնել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, այդ թվում՝ մանկատներում խնամվող երեխաների խնամքն ու դաստիարակությունը:

2018թ․ հունվարից ՀՕՖ ԵԱԿՀ-ն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ շարունակել է խնամատարության հետ կապված աշխատանքները՝ վերապատրաստված թեկնածու  խնամատար ընտանիքներում երեխաների համադրումն ու տեղավորումն իրականացնելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում նախարարության առաջարկով ուսումնասիրվել են Վանաձորի մանկատան երեխաների դեպքերը՝ խնամատար ընտանիքում խնամվելու հնարավորությունները պարզելու և նրանց հետ հետագա աշխատանքները կազմակերպելու  նպատակով:

 

 

 

ԿԻՍՎԵԼ