«Լիահույս եմ, որ ընթացող բոլոր ծրագրերը կապահովեն սպասված արդյունքները». Սոնա Հարությունյան

Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

2018թ. հունիսի 11-ից իմ դիմումի համաձայն դադարեցնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  տեղակալի իմ պարտականությունները:

Այդ առիթով ուզում եմ խոսքս ուղղել իմ գործընկերներին և հայրենակիցներին:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում սկսել եմ աշխատել 1993թ.: Աշխատել եմ տարբեր ոլորտներում. 1999-2002թթ. համակարգել եմ ընտանիքների անապահովության գնահատման և ընտանեկան նպաստների, 2002 թվականից մինչև 2012թ. ղեկավարել զբաղվածության  ոլորտները: 2012թ. նշանակվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Որ ոլորտում էլ աշխատել եմ, աշխատել եմ սիրով, նվիրումով և մեծ պատասխանատվությամբ: Աշխատել եմ սովորելով և սովորեցնելով: Բոլոր այս տարիներին իմ գերնպատակը եղել է  իմ ժողովրդին, իմ պետությանը ծառայելը, իմ աշխատած ոլորտներում առկա խնդիրները վերհանելը և հնարավորության սահմաններում լուծումներ գտնելը:

Նախարարի տեղակալի պաշտոնում ի թիվս մի շարք այլ գործառույթների՝ ինձ վստահված էր համակարգել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման համակարգի մշակման, ներդրման և գործարկման աշխատանքները: Գիտակցելով մշտադիտարկման և գնահատման  կարևորությունը կառավարման մի օղակում, որտեղ իրականացվում է շուրջ 80-ի չափ ծրագիր, որոնց ուղղված է ՀՀ պետական բյուջեի շուրջ 30%-ը՝ ես իմ աշխատանքային թիմով ջանք չեմ խնայել ստեղծելու լայնամասշտաբ գործուն համակարգ, որի միջոցով հնարավոր է վերահսկել թե՛ ծրագրերի և ծախսված միջոցների  արդյունավետությունը, և թե՛ շահառուների բավարարվածությունը՝ այդպիսով ստեղծելով արդյունավետ պլանավորման հիմքեր, ինչպես նաև նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը: Միայն բարի կամքով հնարավոր չէ ազատվել մեր իրականության մեջ տեղ գտած անցանկալի երևույթներից, անհրաժեշտ են համակարգային լուծումներ և հետևողականություն:

Առաջին արդյունքներն արդեն իսկ առկա են, որոնք, հետևողական լինելու դեպքում կարող են բազմապատկվել  ընթացքի  մեջ գտնվող ծրագրերի և ծառայությունների մշտադիտարկման և գնահատման արդյունքում: Բերեմ մեկ օրինակ. 2016թ. Զբաղվածության ամենամյա ծրագրի մշտադիտարկման և գնահատման արդյունքում 2018թ. ծրագրում կատարվեցին զգալի փոփոխություններ. առանձին, ոչ արդյունավետ ծրագրերի համար ֆինանսավորում չնախատեսվեց, փոխարենը պահանջարկված ծրագրերի ֆինանսավորումը ավելացվեց, ներդրվեցին նոր, ժողովրդագրական հայեցակարգից բխող ծրագրեր (երիտասարդ մայրերի մասնագիտական ուսուցում,  մինչև 2 տարեկանը լրանալը երեխայի խնամքը աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցություն):

Հաշվի առնելով, որ մշտադիտարկման և գնահատման համակարգը մեր երկրի կառավարման ոլորտում առաջին փորձն է՝ հուսով եմ, նախարարության իմ երիտասարդ գործընկերները նույն պատասխանատվությամբ կշարունակեն հղկել և զարգացնել այն, ինչու չէ, նաև առաջարկել այն ներդնել այլ գերատեսչություններում:

Ավարտելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հետ ճանապարհ եմ անցել, բոլոր շահառուներին, ում համար տարիներ շարունակ աշխատել եմ անտրտունջ,  բոլոր իմ գործընկերներին, իմ աշխատանքային թիմին, ում շնորհիվ կարողացել եմ իրականացնել գաղափարներս:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այս պահին  միջազգային կառույցների (ILO, WB, USAID, UNICEF, FAO, EU, SIDA) աջակցությամբ ընթացող ծրագրերում ընդգրկված իմ բոլոր գործընկերներին, փորձագետներին՝  նրանց փոխըմբռնման, համագործակցելու և օգնելու պատրաստակամության համար: Լիահույս եմ, որ ընթացող բոլոր ծրագրերը կապահովեն սպասված արդյունքները:

Հաջողություն, աշխատանքային նոր ձեռքբերումներ և ամենակարևորը համբերություն եմ մաղթում մեր հասարակության համար շատ կարևոր, բայց նաև դժվարին այս համակարգում աշխատանքային էստաֆետը ընդունած նորանշանակ նախարարին և փոխնախարարներին: Հուսով եմ, իրենց եռանդը նույն սիրով և պատասխանատվությամբ կծառայեցնեն ի նպաստ մեր հասարակության բարօրության:

Կարծում եմ, առաջիկայում այլ ձևաչափերով համագործակցության առիթներ դեռ կունենանք»:

ԿԻՍՎԵԼ