Սեմինար` նվիրված Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային

Եվրոպայի խորհրդի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում 2008 թ. սեպտեմբերի 30-ին Երևանի «Թեքեյան» մշակութային կենտրոնում իր աշխատանքը սկսեց Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային նվիրված երկօրյա սեմինարը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, տարբեր քաղաքական կուսակցությունների, պետական կառավարման համակարգի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, սոցիալական գործընկերների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների և Եվրոպայի խորհրդի սոցիալական խարտիայի քարտուղարության ու Եվրոպական սոցիալական իրավունքի կոմիտեի ներկայացուցիչներ:
Նախաձեռնության նպատակն է` ներկայացնել Հայաստանի Հանրապետության կողմից Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի դեռևս չվավերացված դրույթները, ինչպես նաև փաստաթղթի պրակտիկ կիրարկումն ապահովելու գործող հաշվետվողական և մոնիթորինգային համակարգերը:
Կներկայացվեն Հայաստանի կողմից դեռևս չվավերացված հոդվածների պահանջները, Եվրոպայի խորհրդի անդամ որոշ պետությունների կողմից այդ հոդվածների պահանջների կատարման հետ կապված խնդիրները և այդ շրջանակներում ձևավորված Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի նախադեպային իրավունքը:
«Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը: Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է անդամակցությունը մի կազմակերպության, որն այսօր միավորում է եվրոպայի 47 պետություն` հիմնվելով համամարդկային այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը: Չափազանց կարևոր խնդիր է մարդու սոցիալական իրավունքի պաշտպանության հարցը: Այսօր մենք այստեղ ենք հենց այս հարցի շուրջ մտքեր փոխանակելու, ինչպես նաև այս ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հնարավորությունների շուրջ քննարկումներ ունենալու նպատակով»,- սեմինարի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը:
Ըստ նախարարի`մարդկանց արժանապատիվ կյանքի համար պայմաններ ստեղծելու և հասարակությանը համախմբելու առումով առաջիկա տարիները լինելու են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող լուրջ բարեփոխումների ժամանակաշրջան` այն ակնկալիքով որ ստեղծվի որակապես այլ մակարդակի սոցիալական պաշտպանության համակարգ£ Սոցիալական քաղաքականությունը պետք է դիտվի որպես երկրի զարգացմանը նպաստող և ոչ թե արգելակող գործոն£ Սոցիալական քաղաքականությունը պետք է հնարավորություն տա արդյունավետ և ճիշտ ձևով իրացնել մարդկային կապիտալը և ռեսուրսները:
Քննարկումները կշարունակվեն նաև հոկտեմբերի 1-ին:

ԿԻՍՎԵԼ