Շարունակվում են տարեցների ավանդույթ դարձած միջոցառումները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը շարունակում է իր խնամյալների առօրյան դարձնել հագեցած ու հիշարժան: Պարբերաբար, իր մատուցած ծառայություններից օգտվողների համար կենտրոնը կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ զբոսանքներ, այցելություններ թանգարաններ, թատրոններ, համերգներ, ինչպես նաև ակտիվ հանգիստ բնության գրկում:

Մայիսյան տոների կապակցությամբ ևս կենտրոնն իրականացրել է մի շարք տոնական միջոցառումներ: Կազմակերպության Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ վետերանները ներկա են գտնվել Մոսկվայի տանը կազմակերպված տոնական միջոցառմանը, որն անմոռանալի տպավորություններ է պարգևել ներկաներին: Վետերաններն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել կազմակերպված միջոցառմանը և տոնական նվերներով ու բազում դրական լիցքերով վերադարձել են տուն:

Արաբկիր վարչական շրջանի սպասարկվողների համար կազմակերպվել է այցելություն Աբովյան քաղաքի սուրբ Հովհաննես եկեղեցի: Այցելության ընթացքում տարեցները շրջել են եկեղեցու տարածքում, մոմավառություն են կատարել և մասնակցել պատարագին:

Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը իրականացնում է Երևան քաղաքում բնակվող տարեց և հաշմանդամություն ունեցող մոտ 1300 անձի տնային խնամքը: Կենտրոնի նպատակը տնային պայմաններում տարեց և հաշմանդամ անձանց սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության և կենցաղային սպասարկման կազմակերպումն է, խնամքի իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը:

 

ԿԻՍՎԵԼ