Սոցիալական պաշտպանության ոլորտում 2017-2018թթ. իրականացված աշխատանքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է սոցիալական պաշտպանության ոլորտում 2017-2018թթ. իրականացված աշխատանքները:

Աշխատանք և զբաղվածություն

Աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցման, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովման նպատակով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում:

Կամավորի ինստիտուտի ձևավորման, կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի լիարժեք օրենսդրական կարգավորման նպատակով մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը:

Նվազագույն աշխատավարձի սահմանման գործող համակարգի բարեփոխման նպատակով իրականացվել է ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի զարգացումների, ազդեցությունների քաղաքականության լուծումների վերլուծություն, որով ներկայացվել է ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափի գնահատման մոդել:

Սոցփաթեթի շահառուներին հնարավորություն է տրվել սոցփաթեթի միջոցները ուղղել նաև «Պետական ծառայողներին մատչելի բնակարան» և «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրերի շրջանակներում տրամադրված հիփոթեքային վարկի մարմանը:

Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում, մասնավորապես՝ գործատուներին միանվագ փոխհատուցման տրամադրման, մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման աջակցության, մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրերում, աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրերում ընդգրկվել է 2071 անձ, որոնց 77,3 %-ը կանայք են, 3,5 %-ը` հաշմանդամություն ունեցող անձինք, 55,2 %-ը` 16-29 տարեկան երիտասարդներ: Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում ընդգրկվածներից 1933 անձ տեղավորվել է աշխատանքի կամ դարձել է ինքնազբաղված (այդ թվում` 64 հաշմանդամություն ունեցող անձ): Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ աշխատանքի տեղավորված անձանց թիվը կազմել է 11680:

Լրամշակվել են զբաղվածության ոլորտը կարգավորող իրավական ակտերը, որոնցով սահմանվել է երիտասարդ մայրերի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը, ներդրվել է երիտասարդ մայրերի մասնագիտական ուսուցման (աշկերտության) ծրագիրը:

Կենսաթոշակային ոլորտ

Գործարկվել է 1-ին, 2-րդ, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ և երեխայի խնամքի նպաստների համար առցանց դիմելու ենթահամակարգը: 2017թ. հունվարի 1-ից առ այսօր առցանց ներկայացված դիմումի հիման վրա երեխայի ծննդյան միանվագ նպաստ է նշանակվել 35 900 անձի: Երեխայի խնամքի նպաստ է նշանակվել 99 անձի:

Գործարկվել է կենսաթոշակառուի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար առցանց դիմելու ենթահամակարգը:

Սկսած 2017 թվականից կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել ցանկացած կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ անկախ անձի բնակության (հաշվառման) վայրի հասցեի: Ավելի քան 19 600 անձ օգտվել են վերոնշյալ հնարավորությունից:

Սկսվել են գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները (պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան է ներառվել ավելի քան 100 000 աշխատանքային գրքույկ):

Սոցիալական աջակցություն

Շուրջ 100 հազ. ընտանիք յուրաքանչյուր ամիս ընդգրկվել է նպաստի և եռամսյակային հրատապ օգնության վճարման ցուցակներում և շուրջ 12009 անձ` ավանդի դիմաց փոխհատուցման վճարման ցուցակներում:

Ավանդի դիմաց փոխհատուցման 2018թ. ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են միայն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք` շուրջ 687, որոնք փոխհատուցում ստանալու նպատակով հաշվառվել էին դեռևս 2016թ. ապրիլ ամսից:

Ամսական շուրջ 80 000 ընտանիք օգտվել է բնական գազի ծախսի դիմաց նվազ սակագնով վճարելու արտոնությունից, իսկ ամսական շուրջ 125 000 ընտանիք` էլեկ­տրա­կան էներգիայի ծախսի դիմաց նվազ սակագնով վճարելու արտոնությունից:

Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցեր

ՀՀ կառավարություն են ներկայացվել «Երեխայի իրավունքների մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

ՀՀ կառավարություն են ներկայացվել Վանաձորի մանկատան և երեխաների խնամքի և պաշտպանության 5 գիշերօթիկ հաստատությունների վերակազմավորման վերաբերյալ համապատասխան որոշումները:

«Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի:

Մշակվել և շրջանառության մեջ են դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր:

Հաշմանդամության ոլորտ

Հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքերը և հաշմանդամի սայլակները տրամադրվում են պետական հավաստագրերով:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում պրոթեզաօրթոպեդիկ պարագաները ևս հավաստագրերի հիման վրա տրամադրելու ուղղությամբ:

Իրականացվել է ԱՀԿ ՖՄԴ հիման վրա հաշմանդամության սահմանման փորձնական ծրագիր, որի արդյունքների հաշվառմամբ լրամշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել բժշկասոցիալական փորձաքննության և հաշմադամության սահմանման նոր ընթացակարգերը:

ՀՀ ազգային ժողով է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը (առաջին ընթերցմամբ ընդունվել է 2018 թվականի մարտի 2-ին):

Տարեցների  ոլորտ

Ծերացման հիմնահարցերի և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված ընդունվել է Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը:

Կառավարության սահմանած կարգով հավաստագրվում են ՀՀ-ում գործող խնամքի ծառայություններ մատուցող բոլոր ՀԿ-ների գործունեությունը:

Բնակարանների գնման վկայագրերի միջոցով կառավարության որոշմամբ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց «Ձորակ» խնամքի կենտրոնի տարածքում տարիներ շարունակ բնակվող 9 ընտանիքի:

Հաստատվել է սոցիալական ծառայությունների պատվիրակման գործընթացի իրականացման նպատակով  հասարակական կազմակերպությունների ընտրության նպատակով մրցույթի անցկացման կարգը:

Վերանայվել և ամբողջականցվել են կարիքի գնահատման հիման վրա տուն-ինտերնատներ ուղեգրման գործընթացները:

Մշտադիտարկման և գնահատման համակարգ

Մշակվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի և մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման  իրականացման գործիքակազմերը:

Մշտադիտարկվել և գնահատվել են 41 ծրագրեր, արդյունքների հիման վրա կազմվել են հաշվետվություններ:

Ստեղծվել է ՄԳ էլեկտրոնային արխիվ:  Ընթացքի մեջ են ՄԳ-ի էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները:

ԿԻՍՎԵԼ