Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկվածներին կտրամադրվի մոտ 160.000 դրամ աջակցություն. նոր նախագիծ

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց վերականգնման նպատակով Հայաստանում առաջին անգամ կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցություն: Այն կարող է տրվել ընտանիքի՝ բռնության ենթարկված ցանկացած անդաﬕ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանը:

«Օրենքի նախագծով ընտանիքում բռնության ենթարկված անձանց ժամանակավոր աջակցություն տրամադրելու համար բացվում է հաշվեհամար: Դրանից որոշակի դեպքերում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվելու է աջակցություն: Նախկինում նման օրենք, ոլորտում որևէ կարգավորում, այդ թվում նաև ֆինանսական աջակցություն չի եղել: Այն կանխարգելման միջոց չէ, պարզապես աջակցություն է: Կա բռնություն, և մենք աջակցում ենք, որպեսզի մարդը կարողանա վերականգնվել այդ վիճակից»,- ասաց Թանաշյանը:

Գումարը պետք է ծախսվի կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու, տվյալ բռնության արդյունքում առաջացած առողջական խնդիրները վերականգնելու, ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարը փոխհատուցելու համար: Գումարը նաև կարող է ծախսվել աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար:

«Լինում են հատուկ դասընթացներ, որպեսզի այդ մարդիկ ինտեգրվեն հասարակությանը և ունենան սեփական վաստակը»,– նշեց Թանաշյանն ու հավելեց՝ կտրամադրվի նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ 155 000-160 000 դրամ աջակցություն: Այն տրվելու է միանվագ: Ողջ գումարը ձևավորվում է պետական բյուջեից, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների ներդրումներից, անհատ ձեռներեցներից:

Թանաշյանի խոսքով՝ կարգի շրջանակում չի որոշվելու, թե ովքեր են ենթարկվել ընտանեկան բռնության: Դրա չափորոշիչը տալիս է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը:

Ընտանիքում բռնության ենթարկվածը ֆիզիկական անձ է, որը ըստ անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի տուժել է ընտանիքում բռնությունից: Եթե կա ոստիկանության և դատարանի կողմից որոշումը, ապա այդ մարդը համարվում է բռնության ենթարկված: Սա միակ չափորոշիչն է: Լինելու են նաև աջակցության տրամադրման սահմանափակումներ, երբ բռնության ենթարկված անձին նույն դեպքով վերջին 12 ամիսներին արդեն իսկ տրամադրվել է ֆինանսական աջակցություն:

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացնում է Լիազոր մարմնի ղեկավարը: Այդ մարմինը բավականին շատ լիազորություններ ունի, այդ թվում՝ ընդհանրական հաշվեհամարի բացումն ու տնօրինումը:

Կստեղծվի նաև Լիազոր մարմնին կից Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդը:

«Խորհրդի համար գործառույթ ենք նախատեսել, որպեսզի պատասխանատվությունը կիսվի, և աշխատանքը լինի ավելի թափանցիկ: Խորհրդի կազմում նախատեսել ենք հատուկ մասնագիտացված աշխատանքային խմբի ստեղծում, որը մեծամասամբ բաղկացած կլինի մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքային խումբը կքննարկի դեպքերը և իր առաջարկներն ու եզրակացությունը կներկայացնի Լիազոր մարﬓին: Դրանից հետո միայն կորոշվի՝ տրամադրել աջակցություն, թե ոչ»,- նշեց Թանաշյանը:

Նրա խոսքով ՝ աջակցությունը կտրամադրվի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց և երեխաներին: Չկա որևէ սահմանափակում: «Ֆինանսական աջակցություն կտրամադրվի ընտանիքի ցանկացած անդամի: Գումարը փոխանցվելու է բռնության ենթարկվածի հաշվեհամարին: Անչափահասների համար կլինի նրա օրինական ներկայացուցիչ»,-ասաց Արմինե Թանաշյանը:

Նախագիծը դեռ չի ներկայացվել ՀՀ կառավարություն, այժմ գտնվում է հանրային քննարկման փուլում:

 

 

 

ԿԻՍՎԵԼ