Բացառվելու է միայն խնամք հայցող անձի ցանկությամբ դեպի տուն-ինտերնատ ուղեգրի տրամադրումը. ծնողից հրաժարվածը ալիմենտ կվճարի. փոխնախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց՝ շուրջօրյա խնամքի հաստատություններ ուղեգրման գործընթացներում բարեփոխումներ են իրականացվում:

Առաջնային նպատակն այն է, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձը մնա իր միջավայրում, ընտանիքում, եթե դրա հնարավորությունը կա, իսկ եթե անհնար է այդ միջավայրում ապահովել լուծումներ, ապա միայն այդ դեպքում այդ անձի կարիքների համակողմանի գնահատման հիման վրա ուղեգիր տրամադրել:

Նա նշեց, որ բարեփոխումները մեկնարկել են 2017 թվականի տարեվերջին, և ուսումնասիրվում են հաստատություններում խնամվողներին՝ ընտանիք վերադարձնելու հնարավորությունները, շուրջօրյա խնամքի համար դիմած անձանց ցանկերը, վերլուծվում են գործընթացները:

«Նախորդ տարվա վերջում որոշակի կարգավորումներ վերանայվեցին և առավել հստակեցվեցին ուղեգրի տրամադրման գործընթացները, թե ինչ հիմնական ուղղություններով պետք է գնահատվի անձի սոցիալական կարիքը, մասնավորապես՝ տվյալ անձը ինչ հիմքով է, որ հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում, ունի արդյոք ընտանիք, բնակարան, նյութական պայմաններ, առանձնացվեց այն տեղեկատվության շրջանակը, որը սոցիալական աշխատողները պետք է կարիքի գնահատման հիման վրա ներկայացնեն նախարարություն»,-ասաց նա:

Փոխնախարարը խնդիրների լուծումը բաժանեց երեք հիմնական ուղղությունների: «Պետք է ամբողջականացվեն սոցիալական կարիքի գնահատումը, գործիքները, իսկ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության սոցիալական աշխատողները կարճաժամկետ վերապատրաստում անցնեն: Երկրորդը՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում պետք է շարունակվի սոցիալական աշխատանքը, ապահովվի հետադարձ կապը անձի ընտանիքի և հարազատների հետ՝ նպատակ ունենալով խնամվողին վերադարձնել իր ընտանիք սոցիալական աջակցության այլ ձևերի տրամադրմամբ (ցերեկային խնամք, տնային պայմաններում սպասարկում և այլն): Երրորդը՝ էապես կարևորվելու են այս գործընթացների մշտադիտարկումը և ստացված արդյունքների պարբերական գնահատումները»,- ասաց նա և նշեց, որ այս գործընթացներում պետք է օրենքով սահմանված դեպքերում կիրառելի դարձվի նաև ծնողի խնամքից հրաժարվող զավակներից ալիմենտի գանձումը:

Թադևոս Ավետիսյանը օրինակ բերեց՝ նախարարի հանձնարարությամբ 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ուղեգրման յուրաքանչյուր դեպք խորքային ուսումնասիրվեց, արդյունքում շուրջ տասը ուղեգրի տրամադրում նախարարությունը գտավ ոչ նպատակահարմար և հանձնարարականներ տրվեցին՝ ևս մեկ անգամ անդրադառնան կարիքի գնահատմանը:

Փոխնախարարը նշեց, որ հետադարձ կապով պարզվել է, որ այդ տասը դեպքերից շուրջ 9 անձի խնդիրը լուծվել է այլընտրանքային ծառայություններով, լրացուցիչ սոցիալական  աշխատանքով: «Մի դեպքում ընտանիքի միջանձնային մթնոլորտն էր կարգավորվել,  մյուս դեպքերում՝ տնային պայմաններում սպասարկում էր տրամադրվել և այլն»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք նպատակ է դրված բեռնաթափել շուրջօրյա խնամքի հաստատությունները, փոխնախարարը պատասխանեց, որ նպատակն այն է, որ անձը նման հաստատություններ տեղափոխվի միայն այն պարագայում, երբ իրականում օբյեկտիվորեն նման անհրաժեշտություն կա, ոչ թե նրա կամ նրա ընտանիքի ցանկությունից ելնելով:

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին և հոգ տանել նրանց մասին: Եթե զավակները հրաժարվում են ծնողի խնամքն իրականացնելուց, ծնողին պահելուց, ապա ընտանեկան օրենսգրքով հստակ նախատեսված է, որ պետք է երեխաները վճարեն ալիմենտներ: Ալիմենտի չափը որոշում է դատարանը և կախված է խնամքի ծախսերից, զավակի ընտանեկան և գույքային դրությունից, եկամուտներից:

«Կա այդ դրույթը՝ օրենքով նախատեսված, և մենք՝ որպես լիազոր մարմին, պետք է կիրառելի դարձնենք դա, ինչը կունենա ոչ միայն ֆինանսական հետևանք, այլ նաև կանխարգելիչ կարող է լինել»,- ասաց նա և նշեց, որ ալիմենտի գանձումը պետք  է լինի դատական կարգով կամ կողմերի համաձայնությամբ:

Նա նշեց, որ ալիմենտը ընդամենը գործիք է և եթե զավակը հայտարարում է, որ հրաժարվում է ծնողից, ապա ծնողը հայտնվում է կյանքի դժվարին իրավիճակում: «Մենք ալիմենտներ գանձելու խնդիր չունենք դրված, և սա խստացում չէ, այլ պարզապես գործընթացը համակողմանի դիտարկելու անհրաժեշտություն՝ ի շահ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց մարդու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե ծնողը երեխայի ծննդից հետո կապ չի ունեցել երեխայի հետ, իսկ հետո ուղեգիր ստանալու համար դիմում է, արդյոք նրա երեխաներից գանձելու են ալիմենտ, փոխնախարարը պատասխանեց, որ դա դատական կարգով է որոշվելու, և դատավորն է որակում տալու՝ պարտավոր է երեխան ալիմենտ վճարել, թե ոչ:

«Սկզբունքն այն է, որ եթե մարդը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում, և սոցիալական աշխատանքը որևէ արդյունք չի տալիս, այդ պարագայում տրամադրվում է շուրջօրյա խնամք, իսկ շատ դեպքերում հնարավոր է լինում լուծել միջանձնային խնդիրները ընտանիքում, միայնակ տարեցներին տրամադրել տնային պայմաններում սպասարկում կամ ցերեկային կենտրոններում խնամք»,- ասաց նա:

Հարցին, թե մեզ մոտ իրոք մտահոգիչ է շուրջօրյա խնամքի համար դիմողների թիվը, առավել ևս հաշվի առնելով, որ մեր հասարակությունում այդքան էլ ընդունված չէ ծերանոցներին դիմելը, քանի դեռ ծայրահեղ վիճակ չի լինում, փոխնախարարն ասաց, որ բազմաթիվ դեպքեր եղել են, որ ընտանիք և զավակներ ունեցողները ուղեգրվել են շուրջօրյա խնամքի հաստատություններ` ընդամենը մեկ դիմումի հիման վրա: «Սա վտանգավոր է և ճիշտ չէ՝ առաջին հերթին հենց տվյալ անձի համար, քանի որ միջավայրից կտրվում է»,- ասաց նա:

Թադևոս Ավետիսյանը նշեց նաև, որ ուսումնասիրում են տուն-ինտերնատներում խնամվողներին և պարզել են, որ նրանց առնվազն կեսն ունեն զավակներ, բնակարաններ: «Համոզված ենք, որ սոցիալական աշխատանքի գործադրման պարագայում հնարավոր է նրանց մի մասին վերադարձնել իրենց միջավայր: Իսկ եթե անժառանգ տարեցի մասին է խոսքը, որը չունի բնակարան, ունի մշտական խնամքի կարիք և ստանում է ցածր կենսաթոշակ, այստեղ միանշանակ է, որ կարիքի գնահատումը բերելու է ուղեգրի տրամադրմանը և շուրջօրյա խնամքի հաստատությունում այդ անձի տեղավորմանը: Նպատակն այն է, որ բոլորին մեկ արշինով չչափենք, և այնպես չլինի, որ մեկ դիմումի և ընտանիքի սուբյեկտիվ ցանկության հիման վրա ուղեգիր տրամադրվի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ տարեցի երեխաները երկրում չեն, փոխնախարարն ասաց, որ այլընտրանքային տեղեկատվությամբ սոցիալական աշխատողը դա կարող է պարզել, և եթե երեխաները ծնողին թողել են բախտի քմահաճույքին և հետադարձ կապ չունեն, սա նույն վիճակն է, ինչ անժառանգ լինելը:

Ըստ նրա՝ խնդիրը նաև այն է, որ մեզ մոտ պետք է ապահովել և զարգացնել այլընտրանքային արդյունավետ հնարավորությունները տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, զբաղվածության և հասարակությունում ինտեգրվելու համար, օրինակ, տարեցների ցերեկային կենտրոններ, պանսիոններ և այլն:

Նա չհամաձայնեց, որ զարգացած երկրները այլ ուղղությամբ են գնում, և օրինակ բերեց, որ  Բուլղարիայում տարեցների ոլորտում շուրջօրյա խնամքի հաստատությունները բեռնաթափում են, և ստեղծվել են ցերեկային խնամքի կենտրոններ: Փոխնախարարն ասաց, որ 200-250 հոգանոց շուրջօրյա խնամքի հաստատությունները հատուկ են եղել միայն խորհրդային համակարգում, իսկ զարգացած երկրներում առավել շատ ցերեկային կենտրոններ են, նրանց ժամանցը, զբաղվածությունը և ժամանակավոր խնամքը կազմակերպելու արդիական կենտրոններ:

Դիտարկմանը, թե արդյոք այստեղ կոռուպցիոն ռիսկերը չեն մեծանում, քանի որ հնարավոր է սոցիալական ապահովվածության վերաբերյալ այլ գնահատական տրվի, բնակարանի անվանափոխություն լինի, նա ասաց, որ ճիշտ հակառակը, և պարզաբանեց, որ ամբողջացնում են իրավական կարգավորումը, հաշվետվողականությունը, հստակ տարանջատում են գործընթացում մասնակից յուրաքանչյուր կողմի իրավունքները և պարտականությունները, և սոցիալական աշխատանքը միայն ուղեգրով չի սկսվում և ավարտվում, առավել ևս, որ այս գործընթացները պետք է ենթարկվեն մշտադիտարկման և պարբերական գնահատումների:

Թադևոս Ավետիսյանը հայտնեց նաև, որ նախարարության ենթակայությամբ գործող տարեցների և 18 տարին լրացած, հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվում են շուրջ 1200 անձինք, և ամսական կտրվածքով 10-15 դիմումներ են լինում:

Ըստ նրա՝ պետական բյուջեում այս մասով փոփոխություններ չեն լինելու, քանի որ խնդիրը ոչ թե բյուջեն կրճատելն է, այլ հասցեական և արդյունավետ պետական աջակցության տրամադրումն է, այդ խմբի անձանց սոցիալական աջակցության համար արդիական նոր հնարավորությունների ձևավորումը:

ԿԻՍՎԵԼ