Փոխնախարար. Գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը նախատեսում ենք ավարտել այս տարվա ընթացքում

Հայաստանում 2017 թվականին որդեգրվել է 53 երեխա, որից 36-ը՝ առողջական տարբեր խնդիրներով: Նրանցից 41-ին որդեգրել են մանկատներից:  Որդեգրված 53 երեխաներից 29-ին տարել են Հայաստանից դուրս, 24-ը որդեգրվել են հայաստանցիների կողմից:

Panorama.am-ի   հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանի խոսքով, հայաստանցիները նախընտրում են որդեգրել առողջ երեխաների, արտասահմանցիները որդեգրում են նաև առողջական խնդիրներ ունեցողներին:

Տարածված մտահոգություններին, թե դուրս տանելով երեխաները հնարավոր է թրաֆիքինգի զոհ դառնան, նրանց օրգանները վաճառեն, փոխնախարարն արձագանքում է, նման բան գոյություն չունի, Հայաստանը տարբեր երկրներում ունի դիվանագիտական ծառայություններ, հյուպատոսություններ, որոնց վրա նաև այդ երեխաներով հետաքրքրվելու պարտականությունն է դրված:

Ա. Պետրոսյանը բուլվարային խոսակցություններ է որակում տարածված այն կարծիքները, որ երեխա որդեգրելը կապված է մեծ մաղարիչների ու գումարների հետ, ինչի հետևանքով էլ  օտարերկրացիներն են կարողանում ավելի մեծ թվով երեխաներ որդեգրել Հայաստանից:
«Մի լսեք նրանց»,-խորհուրդ է տալիս փոխնախարարը:

Հայաստանի գիշերօթիկ հաստատություններում կա 380 խնամվող երեխա, մանկատներում՝ 618 երեխա, որից 445-ը առողջական խնդիրներ ունեն: 594 երեխա էլ ծառայություններ է ստանում ցերեկային խնամքի հինգ կենտրոններում:

Հայաստանում գիշերօթիկ հաստատությունների ու մանկատների վերակազմակերպում է իրականացվում: Այս պահի դրությամբ գիշերօթիկ երկու կազմակերպություն վերակազմակերպվել է՝ Նուբարաշենինը և Սյունիքինը, դրանք դարձել են երեխաների ցերեկային խնամքի բազմապրոֆիլ կենտրոններ: 2018թ. ընթացքում վերակազմակերպվելու հերթին սպասում են ևս հինգ հաստատություն՝ Գյումրիում երկուսը,  Բյուրեղավանինը,  Վանաձորինը, Դիլիջանինը: Գործընթացի գլխավոր նպատակը երեխային ընտանիք վերադարձնելն է, հուզական, բարոյական ու այլ կապերի վերականգնումն ու հաստատումը:

Այս պահին Վանաձորի մանկատան վերակազմակերպումն են նախապատրաստում, այնտեղ ապրում է  56 երեխա: Նրանցից 15-ին կարելի է վերադարձնել կենսաբանական ընտանիք: Մինչ այդ նրանց վերապատրաստում են, ծնողավարման հմտություններ փոխանցում: Մյուսների համար էլ խնամատար ընտանիքներ են պատրաստում: Ի դեպ, այս տարի նախատեսվում են ավելացնել խնամատար ընտանիքների թիվը՝ 20-ից հասցնելով 90-ի:

Յուրաքանչյուր երեխայի համար խնամատար ընտանիքը կստանա 136 հազար դրամ, որից 76 հազար դրամը երեխայի խնամքի ծախսերն են, 60 հազարը՝ խնամատար ընտանիքին վարձատրություն: Նրանք խնամատար ընտանիքում կապրեն մինչև չափահաս դառնալը, դրանից հետո իրենք են որոշում շարունակե՞լ ապրել այդ ընտանիքում, թե՞ ոչ:

Նախարարությունում նախատեսում են ընտանիք վերադարձած երեխաների համար ցերեկային խնամքի կենտրոններ ստեղծել, որտեղ նրանց կտրամադրվեն կրթական, սոցիալական,  առողջապահական, մարզական, մշակութային ծառայություններ, դրանցից բացի պետք է լինեն նաև վերականգնողական խորացված ծառայություններ մատուցող կենտրոններ:

«Յուրաքանչյուր երեխայի, ընտանիքի դեպքում լինելու է կարիքի ամբողջական գնահատում, յուրաքանչյուրին ցուցաբերվելու է անհատական մոտեցում»,-մանրամասնում է Պետրոսյանը:

Գիշերօթիկ հաստատություններում ապրող գրեթե բոլոր երեխաները ծնողներ ունեն, նույնը վերաբերում է մանկատների սաներին:

«Մանկատուն պետք է ընդունվեն այն երեխաները, որոնք ծնող չունեն կամ սոցիալական որբեր են, կամ անբարեհույս ընտանիք ունեն, որտեղ երեխաներին թողնել չի կարելի»,-նշում է նա:

Գիշերօթիկ հաստատություններ երեխաներին տանում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքները՝  գոնե սննդի հարցը լուծելու համար: Նախարարի տեղակալը բացատրում է, եթե երեխան հաստատությունից տուն է վերադառնում, ապա դոնոր կազմակերպությունները ընտանիքին յուրաքանչյուր երեխայի համար տրամադրում են գումար, սննդի փաթեթ՝ ըստ կալորիականության, կատարում են կոմունալ վճարումները, հնարավոր է նաև գույքի տրամադրում, աշխատանքով ապահովում:

«Այս հաստատությունների վերակազմակերպումը մեր նախորդ տարիների կատարած աշխատանքների տրամաբանական շարունակությունն է: Այս փուլում մեր հիմնական խնդիրը առանց ցավ անցկացնելն է, հաստատություններից դուրս եկած երեխաների հետքը չկորցնելն է: Մենք այս ընտանիքներին հանձնում ենք սոցիալական աշխատողին, որպեսզի նա հետևի, որ ընտանիքը ոտքի կանգնի»,-մանրամասնում է նախարարության պաշտոնյան:
Նախարարությունում ծրագրում են, այս տարվա ընթացքում վերակազմակերպել բոլոր գիշերօթիկ հաստատությունները: Հասկանում են, որ գործընթացը շատ լուրջ մոտեցում ու ռեսուրսներ է պահանջում, սակայն հաստատակամ են:

«Արդեն լուրջ քայլեր արել ենք: Վերակազմակերպման գործընթացում կարևոր ուղղությունն այլընտրանքային ցանցի զարգացումն է: Եթե մանկատան երեխաների մի մասը կգնա կենսաբանական ընտանիք, մի քանիսին կորդեգրեն, մյուսները կապրեն խնամատար ընտանիքում, խնամակալության կվերցնեն, կլինեն մի քանիսը, որ գնալու տեղ չեն ունենա: Ծայրահեղ դեպքերի համար նախատեսում ենք ստեղծել փոքր տներ, որտեղ կապրեն մոտ 10 երեխա, իհարկե մենք նման հաստատություններ ստեղծելու հարցում ոգևորված չենք: Այստեղ կաշխատեն որակավորում, վերապատրաստված, ուսուցում ստացած մասնագետներ: Այստեղ ամենակարևորն այն է, որ իմանանք, բոլոր երեխաների համար լուծում ունենք»,-ներկայացնում է Ա. Պետրսյանը:

 

ԿԻՍՎԵԼ