Տնային պայմաններում սպասարկվող տարեցներն օգտվում են առողջապահական ծառայություններից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը շարունակում է հոգալ իր ծառայություններից օգտվողների առողջական խնդիրները:

Կենտրոնը Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ վիրաբուժության բաժնի հետ համատեղ 2018 թվականի հունվար ամսին նորագույն սարքավորումների միջոցով իրականացրել է Էրեբունի վարչական շրջանի 7 տեսողական տարբեր խնդիրներ ունեցող շահառուի հետազոտություն:

Հետազոտության արդյունքում ախտորոշվել են շահառուների առկա տեսողական խնդիրները, արվել են համապատասխան նշանակումներ, իսկ վիրահատական միջամտության կարիք ունեցողներին նշանակվել են անվճար վիրահատությունների անցկացման օրեր:

Կազմակերպությունների միջև ձևավորված համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և նորանոր հաջողություններ է գրանցում տեսողական խնդիրներ ունեցող միայնակ տարեց շահառուների առողջության և կյանքի որակի բարելավման ուղղությամբ:

Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնն իրականացնում է Երևան քաղաքում բնակվող տարեց և հաշմանդամություն ունեցող մոտ 1500 անձի տնային խնամքը: Կենտրոնի նպատակը տնային պայմաններում տարեց և հաշմանդամ անձանց սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության և կենցաղային սպասարկման կազմակերպումն է, խնամքի իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը:

 

 

ԿԻՍՎԵԼ