Ներկայացվել են երեխաների հիմնահարցերին առնչվող ծրագրերի մշտադիտարկման և գնահատման արդյունքները

Դեկտեմբերի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող երեխաների հիմնահարցերին առնչվող ծրագրերի մշտադիտարկման և գնահատման արդյունքների ամփոփ հաշվետվությունները:

Քննարկման ընթացքում ներկայացվել են երեխաների հիմնահարցերի ոլորտում իրականացվող հետևյալ 11 ծրագրերի մշտադիտարկման և գնահատման արդյունքները՝ ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին  ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում), կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների  ընտանիքներին բնաիրային օգնության փաթեթի տրամադրում, երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն, երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ, երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ, սոցիալական հոգածության ցերեկային  կենտրոնների երեխաներին սոցիալական ծառայությունների տրամադրում, երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից  կյանքի  դժվարին իրավիճակում  հայտնված  երեխաների սոցիալական  հոգածության ծառայություններ, խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի  տրամադրման ծառայություններ, երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում  խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում, երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրում:

Մշտադիտարկման և գնահատման ամփոփ հաշվետվությունները կազմվել են համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  2016թ. հունիսի 28-ի N70-Ա/1 հրամանով սահմանված մեթոդաբանության և ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների մշտադիտարկման և գնահատման 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին 2016թ. դեկտեմբերի 23 N121 Ա/1 հրամանի:

Համաձայն վերոնշյալ մեթոդաբանության՝ ծրագրերի գնահատումն իրականացվել էր նախապես մշակված ցուցանիշների հիման վրա հավաքագրված տվյալների, որոնք հիմնականում ձևավորվել են Նորք հիմնադրամի տեղեկատվական բազաներից, վիճակագրական հաշվետվությունների, այդ ծրագրերի շահառուների կարծիքի ուսումնասիրության, համապատասխան կազմակերպություններում ուսումնասիրությունների արդյունքում:

Համաձայն գործող մեթոդաբանության՝ Ծրագրերի գնահատումն իրականացվել է ըստ  տրամաբանական մոդելի:

Իրականացված վերլուծությունների արդյունքում ձևավորվել են ծրագրերը բարելավելու և առավել հասցեական դարձնելուն ուղղված առաջարկությունների փաթեթներ:

Գնահատումն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի և «Վիվատ» խորհրդատու կազմակերպության փորձագետների կողմից:

ԿԻՍՎԵԼ