Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները

«Այս պահին  արդեն ամփոփում ենք ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ շահագրգիռ  քննարկումների փուլը»,– լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը՝ ներկայացնելով օրենսգրքում փոփոխությունների ընթացքը:

Նախագիծն այս պահին ՀՀ արդարադատության նախարարությունում է՝ փորձագիտական եզրակացության: Այն ավելի վաղ տրվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության մասնագիտական փորձագիտական եզրակացության, որտեղ ներկայացված 14 առաջարկությունից ընդամենը 2-ը չեն ընդունվել:

Անդրադառնալով առաջարկվող փոփոխությունների նպատակներին ու բովանդակությանը՝ բանախոսը նշել է, որ առաջին հերթին աշխատողների առողջության ու անվտանգության ոլորտում նոր մոտեցումների, կարգավորումների հստակեցումն է, որը բխում է Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավարությունների կատարումից ու միջազգային ստանդարտների համապատասխանեցումից:

«Գործող օրենսդրությամբ, նշված են ծանր, առողջության համար վտանգ ներկայացնող աշխատանքներ, որոնց համար սահմանված են հավելումներ: Այս կարգավորումը հակասում է միջազգային ստանդարտներին, ստանձնած պարտավորություններին: Վտանգավոր պայմաններում աշխատանքի դեպքում գործատուն ոչ միայն պետք է հավելումներ վճարի, այլև  ապահովի լրացուցիչ արձակուրդ, հատուկ լրացուցիչ ընդմիջումներ, որոնց հիմնական նպատակը աշխատողի հնարավոր կորցրած առողջության վերականգնումն է»,- մանրամասնել է փոխնախարարը՝ հավելելով, որ գործող օրենսդրությունը չի ստեղծում հիմքեր, որպեսզի գործատուներն աշխատանքային պայմանները բարելավեն, և դրանք համապատասխանեցնեն միջազգային չափանիշներին:

Փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների վարչական բեռի թեթևացումը նույնպես աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններից է:

«Ավելորդ կարգավորումների վերացմամբ մենք հնարավորություն ենք ստեղծում, որ աշխատանքային հարաբերությունները ոչ ֆորմալից անցնեն ֆորմալի, խթանվեն օրինական հարաբերությունները: Մասնավորապես, առաջարկվում է, որ փոքր բիզնեսով զբաղվող գործատուները իրավունք ունենան չընդունել ներքին իրավական ակտեր, ներքին կարգապահական կանոններ: Գործատուները պարտավոր են իրենց աշխատանքային պայմանագրերը համապատասխանեցնել այն օրինակելի ձևին, որը կսահմանի լիազոր մարմինը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»,- նշել է նա:

Նախարարի տեղակալի խոսքով՝ պայմանագրի օրինակելի ձևը գործատուն կարող է ներբեռնել համապատասխան կայքից, լրացնել աշխատակցի տվյալները և իրավաբան վարձելու համար ավելորդ ծախսերի անհրաժեշտություն այլևս չի լինի: Պարզեցվում են նաև վարչական մարմինների հետ հարաբերությունները:

Նոր նախագծով «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում առաջարկվում է նախապատվության իրավունք հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար՝ աշխատավայրում հաստիքների կրճատման դեպքում: Առաջարկը ստացվել է ՀՀ ՊՆ-ից, քննարկվել միջազգային փորձագետների հետ:

Մեկ այլ  փոփոխությամբ էլ հստակեցվում է օրենսգրքով սահմանված օրական 24 ժամ աշխատաժամանակի ռեժիմի կիրառումը՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան:

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը ներկայում ՀՀ արդարադատության նախարարությունում է: Նախատեսվում է 2018թ. հունվարին այն ներկայացնել ՀՀ կառավարություն:

 

 

ԿԻՍՎԵԼ